Էջ:Raffi, Collected works, vol. 2 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/149

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

հեռվից մտիկ կոնիս, ի՛նչ տղի հիդ վուր խոսացի, ու իրեք անգամ հազացի, իմացի վուր նա է. հիմի իմացա՞ր։

— Իմացա, մագրամ մե քիչ ղայիմ հազա, վուր կանենամ լսի։

— Շատ լավ, ղայիմ կու հազամ, հիմի բարի գիշեր,— ասաց Սամիլ Պետրովիչը և գլորվելով սկսավ հեռանալ Հացի-Գելենց տնից։

«Լավ էրազ է... թե աստուծ բարին կատարե...» ասաց յուր մտքում Ճանճուր Իվանիչը՝ մոցիքուլին ճանապարհ գցելուց հետո։

ԻԶ

Նույն երեկո, երբ Ճանճուր Իվանիչը, ոգևորված ապագա հույսերով, Սամիլ Պետրովիչի հետ խոսում էին Բութունջյանի վրա, Կոջորում, Հացի-Գելենց կացարանի մոտից գռռալով անցավ ճանապարհորդական մի կառք, որ շուտով կանգնեց ոչ այնքան հեռու նրանց բնակարանից, կառքից դուրս եկան երկու մանուկ տղամարդ։ Դրանցից մինը Քաջբերունին էր, մյուսը Արամյանը։

Մյուս օրվա առավոտյան Արամյանը վաղ վեր կենալով մահճից՝ պատրաստվում էր հոգալ յուր հյուրի համար նախաճաշիկ, մինչև նա կզարթեր քնից, բայց նա զարմացավ՝ տեսնելով Քաջբերունուն բոլորովին հագնված, դրսից ներս մտնելիս։ Նա նայեց նրա կոշիկներին, տեսավ, որ նրանք թրջված էին առավոտյան ցողով։

— Բարի լույս,— ասաց Արամյանը ժպտալով,— ես կարծում էի, թե դու քնած կլինիս. լավ շուտ ես զարթե՜լ։

— Այո՛ ես այժմ սովորել եմ առավոտները վաղ զարթել,— պատասխանեց Քաջբերունին։

— Բայց դու դրսից ես գալիս։

— Ես գնացել էի պտտելու և դիտելու ձեր ամառանոցի շրջակայքը,— պատասխանեց Քաջբերունին և նստեց լուսամուտի հանդեպ, իսկ Արամյանը դուրս գնաց սենյակից։

Երկար այնպես նայում էր Քաջբերունին դեպի կանաչազարդ հեռուն և հրճվում էր գեղեցիկ տեսարաններով։ Եվ մեկ էլ մի գաղտնի ոգևորությամբ բացականչեց հազիվ լսելի ձայնով, «հրաշալի՜ Կովկաս, հայրենի՜ք գեղեցկություն, բայց ափսո՜ս..», և նրա երեսի գույնը փոխվեցավ ներքին վրդովմունքից։

Ներս մտավ Արամյանը՝ արդեն հագնված և լվացված։

— Դու թեյը կաթնո՞վ ես սիրում,— հարցրեց նա։