պահուն ո՛րպես պետք է ողջունել հանդիպողին։ Նա գիտեր, որ առավոտյան պետք է ասել «բարի լուս», կեսօրին՝ «բարև», երեկոյան պահուն՝ «բարի իրիգուն», երբ մութը պատում է աշխարհը՝ «բարի գիշեր»։ Նա գիտեր, երբ հանդիպում ես մինին, որ գործում էր, պետք է ասել «բարի աջողում», կամ մինը, որ վաճառում էր «ասել աստված խեր տա»: Նա գիտեր, որ տերտերին ասում են «օրհնյա, տեր», բայց վարդապետին և եպիսկոպոսին ի՛նչ պետք է ասել, այդ չգիտեր, որովհետև յուր կյանքում դրանց հետ գործ չէր ունեցել։
Ճանճուր Իվանիչը ճշտությամբ կատարում էր յուր երկրում ընդունած քաղաքավարությունների և այլ կանոնները. Զորօրինակ մինը փռշտալու միջոցին ասել նրան՝ «առողջութին», մինը որ դառնում էր ուխտատեղից, հանդիպածին պես ասել «օղորմած կենաս», ինքը հորանջելու միջոցին երեսը խաչակնքում էր, որ սատանաներ կամ չար ոգիք բերանից չմտնեն յուր փորը: Եվ փողոցում, երբ հանդիպում էր մեռելի հուղարկավորության, գդակը առնելով կանգնում էր, մինչև անց էին կացնում հանգուցյալը։ Ինքը ևս՝ «աստուծ քու մեղքերին թողութին տա» ասելով՝ շարունակում էր յուր ճանապարհը։
Ճանճուր Իվանիչը հայերեն ամենևին կարդալ-գրել չգիտեր և ո՛չ հարգում էր դրա հարկավորությունը, որովհետև յուր փոքրիշատե վրացերեն դպրությունը, որով գրում էր յուր դավթարները, բավական էր նրան․ դրանով նա, հայոց ասության ոճով, յուր էշը ցեխից հանում էր։
Ճանճուր Իվանիչը, չնայելով յուր հասարակության մեջ բազմահանճար գիտությանը, համարյա ոչինչ տեղեկություն չուներ յուր ազգային պատմությունից և հայերի կյանքից։ Նա չգիտեր, թե ինչո՞ւ ինքը կոչվում է հայ, ուսկի՞ց էր յուր ծագումը, ո՞ւր է նրա հայրենիքը, ունեցե՞լ էին արդյոք հայերը մի ժամանակ անկախ տերություն, և ի՞նչ եղավ հայերի անկման և խղճության պատճառը, և ի՞նչ միջոցներով պետք է ուղղել նրա դրությունը․ Ճանճուր Իվանիչը այդ մտածությանց մեջ բոլորովին անզգա էր, և յուր կյանքում երբեք ուշադրություն չէր դարձրած, յուր կարծիքով, այդպիսի սնոտի հարցերի վրա։
Նա, բացի մի քանի առասպելաբանական ավանդություններից, ուրիշ իրողական տեղեկություններ չուներ։ Միայն փոքրիշատե համոզված էր, որ հայի հավատը լավ հավատ է նրանով, որ լուսավորիչը խոր վիրապում օձերի և գազանների մեջ կենդանի մնաց,