Էջ:Raffi, Collected works, vol. 2 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/150

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

— Այո՛,— պատասխանեց Քաջբերունին,— միայն ասա՛ շուտ տան, մի քիչ կարագի և հացի հետ. ես այժմ գայլի պես սոված եմ։

— Երևի առավոտյան զրոսանքը և լեռնային օդը գրգռել են քո ախորժակը. ահա ամառանոցի զանազանությունը քաղաքի ապականված մթնոլորտից,— կրկնեց Արամյանը՝ ձայն տալով ծառային, որ շուտ բերե։

Ծառան ներս բերավ հեշտաեռը, և մի քանի րոպեից հետո նրանց առջև պատրաստվեցավ թեև չափավոր, բայց ախորժելի նախաճաշիկը։

Նախաճաշիկից հետո նրանք սկսեցին ծխել։ Քաջբերունին յուր սովորության համեմատ նստեց լուսամուտի առջև, Արամյանը նույնպես նստեց նրա հանդեպ։

— Ինչո՞վ ես պարապում այժմ, Վահե,— հարցրեց Քաջբերունին։

— Համարյա թե ոչնչով,— պատասխանեց Արամյանը։

— Մի՞թե ծուլացել ես։

— Ո՛չ, միայն այն, ինչ որ ես ցանկանում եմ, ժամանակի է կարոտ և պահանջում է շատ գործել, բայց այժմ ես դեռ ոչինչ չեմ կարող անել։

— Ինչո՞ւ։

— Որովհետև որպեսզի կարելի լինի արվեստականապես բացատրել հայոց լեզվի ծագումը և նրա պատմական և գործնական ձևակերպությունը, պետք է հիմնավորապես ծանոթ լինել այն լեզուներին, որոնցից մեր լեզուն ծագումն է առել, այդ պատճառով ես հարկավոր եմ համարում հիմնովին ուսանել պարսից և սանսկրիտ լեզուները։

Քաջբերունին ժպտաց։

— Ո՞րտեղ պիտի սովորես այդ լեզուները,— հարցրեց նա։

— Ես միտք ունիմ գնալ Հնդկաստան,— պատասխանեց Արամյանը։

— Լավ, մինչև գնալդ անգործ պիտի մնա՞ս։

— Ես այժմ բոլորովին անգործ չեմ, այլ քերականություն եմ պատրաստում մեր նոր աշխարհաբար լեզվի, այլև պատրաստում եմ մի համառոտ բառարան եվրոպական ուսումնական և արվեստական բառերի, որպեսզի մեր գրողները ստիպված չլինեն հունական, լատինական կամ այլ ազգի բառեր մուրալ։

— Մի այդպիսի աշխատություն անօգուտ չի լինիլ մեր այժմյան գրականության համար,— պատասխանեց Քաջբերունին։— Թեև