Էջ:Raffi, Collected works, vol. 2 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/151

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

առաջին անգամից այդ հայերեն թարգմանված տերմինները խորթ կթվան, բայց, հետզհետե գործածության մեջ մտնելով, քաղաքացիություն և իրենց բուն նշանակությունը կստանան։

— Բայց մեզ մի ուրիշ բառարան ևս պետք է,— խոսեց Արամյանը,— այսինքն մի բառարան մեր նոր և կենդանի լեզվի։ Մեր գրաբար բառարանները պարունակում են իրանց մեջ ըստ մեծի մասին Աստվածաշունչ գրքի և մեր հին գրականության բառերը. այդ պատճառով նրանք խիստ աղքատ են նոր լեզվի կենդանի բառերով։ Այդպիսի բառեր մենք նորից փնտրելու կարոտություն չունինք, որովհետև կյանքն ինքն ստեղծում է բառերը։ Այդ պատճառով մեր այժմյան կենդանի լեզուն ունի յուր մեջ այնպիսի բառեր, որոնք չկան մեր հին լեզվի մեջ, որ մնացել է մեզ թղթի կամ մագաղաթի վրա։ Օրինակի համար՝ մի հայ, որ բնակվում է անտառի մոտ, նա գիտե այդ անտառի բոլոր ծառերի, տունկերի, պտուղների, խոտերի և ծաղիկների անունները, որոնք չկան մեր գրքերում կամ բառարաններում։ Այդպես էլ հայ երկրագործը գիտե յուր արհեստին վերաբերյալ բոլոր գործիքների և պարագաների անունները, որոնք ըստ մեծի մասին մեզ անծանոթ են. մի խոսքով հայ մարդը յուր գյուղական և հովվական կյանքում հնարել է իրան համար շատ բառեր, որոնք նույնպես պետք են մեր նոր լեզվի ճոխության համար։ Առհասարակ մենք՝ քաղաքացիներս, չգիտենք այնքան տնտեսական բառեր, որքան գիտեն գյուղացիք։ Նրանք առավել, քան անշունչ մագաղաթը՝ հավատարմությամբ կարողացել են պահպանել իրանց հայրենական բարբառը։ Բայց եթե այդպիսի բառեր չհավաքվեն, նրանք անտարակույս կկորչեն, երբ գյուղացիների կյանքը այլ կերպարանք ու ձև ստանա։

— Այո՛, պետք է հավաքել,— պատասխանեց Քաջբերունին,— բայց ո՞վ պիտի հավաքե։

— Ես մտադիր եմ այդ նպատակով մի ճանապարհորդություն անել,— պատասխանեց Արամյանը։

— Դուք շատ դատարկ բաներ եք մտադիր անելու,— նրանց խոսքը կտրեց մի երրորդ ձայն, և նույն րոպեին երևեցավ մի կարճլիկ, մանուկ տղամարդ, երեսը շան ռեխի նման, դեղին երկգույն մորուքով և փոքրիկ աչքերով։

«Անուն հոր և որդվո»,— երեսը խաչակնքելով ասաց Արամյանը,— Թաթոս, այս ո՞րտեղից հայտնվեցար։ Բայց նորեկ պարոնի անունը Թաթոս չէր, նա կոչվում էր Քրիստափոր Դիաչկով, միայն այդ անունով նորահաս ուսանողները կատակի