Էջ:Raffi, Collected works, vol. 2 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/152

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

համար կոչում էին հիմար ուսանողներին՝ իրանց համալսարանական կյանքում։

Նորեկ պարոնին թեև հայտնի էր մի այդպիսի կոչման նշանակությունը, բայց նա ամենևին չվշտացավ և շատ սիրալիր կերպով մոտեցավ, ողջունեց նրանց և նստեց նրանց մոտ։

— Դե՛, Հոմերոս, այժմ շարունակի՛ր քո ճառը,—խոսեց Դիաչկովը ռուսաց լեզվով ուղղակի Արամյանի երեսին նայելով։

— Ի՞նչ հարկավոր է, քանի որ իմ ճառը չի կարող քեզ գրավել,— պատասխանեց Արամյանը։

— Այդ իրավ է, որովհետև ես վաղուց արդեն վճռել եմ չհավատալ հրաշքներին, այդ պատճառով գիտեմ, որ մեռելին կրկին կյանք տալ անկարելի է, ահա այդ դրության մեջ են հայոց ազգը և լեզուն։ Այդպես չէ՞, Պղատոն,— նա դարձավ դեպի Քաջբերունին։

Բայց Քաջբերունին ոչինչ չպատասխանեց, միայն ծիծաղեցավ նրա թեթևամտության վրա։

— Վահե, սակայն ներողություն, պետք է ասել արքա հայոց, չէ՞ որ Վահեն հայոց թագավոր էր։— Գիտե՞ք ես ի՞նչ պատճառով եմ եկել ձեզ մոտ. դու էլ լսիր, Սմբատ, ես եկել եմ հայտնելու ձեզ՝ կամ համաձայնեցեք որոշել ինձ մի անկյուն ձեր կացարանում և կամ ես վարձը բարձրացնելով ձեզ կարտաքսեմ այստեղից։

— Ի՞նչն է ստիպում քեզ այդ անել,— հարցրեց Արամյանը։

— Ներեցե՛ք, ի՞նչպես կարելի է դուք միայն բնակվեք այստեղ և հրճվիր մի այնպիսի հրաշագեղ դրացուհիով, իսկ ես հեռվից սառն աչքերով նայեմ ձեր բախտավորության վրա։ Ճշմարիտն ասած, նախանձը խեղդում է ինձ։

Արամյանը ծիծաղեցավ։

— Սմբատ, դու տեսե՞լ ես նրան,— հարցրեց Դիաչկովը Քաջբերունուց։

— Ո՛չ, ես երեկոյան եմ եկել այստեղ,— պատասխանեց Քաջրերունին։

— Լավ է, որ չես տեսել, եթե ոչ՝ քո խելքն էլ նույնպես կտաներ գեղեցկուհին, ինչպես տարել է իմը,— խոսեց Դիաչկովը։

— Մի՞թե քո գլխում գոնե քիչ խելք կար, որ տաներ,— հարցրեց Քաջբերունին ծիծաղելով:

—Ինչպես չէ, ինձ արդեն կոչում են մեր քաղաքի Ռոշֆորը: Կարճլիկ տղամարդը փաստաբան էր:

Երկու ընկերները ծիծաղեցին Դիաչկովի պարծենկոտության վրա: