Էջ:Raffi, Collected works, vol. 2 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/158

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

որ յուր նկատողությունները վատ տպավորություն գործեցին օրիորդի վրա, նա խոսքը կտրեց և դարձավ դեպի տիկին Բարբարեն։

Նույն միջոցին օրիորդ Սոֆին, հազիվ լսելի ձայնով, ասաց Արամյանին.

— Ձեր ընկերը խիստ անխիղճ է դեպի կանացի սեռը. բայց ցանկալի էր ինձ գիտենալ, թե ի՞նչպես է նայում նա մանուկ օրիորդների վրա։

— Դուք արդեն նկատում եք նրա սառնասրտությունը, — պատասխանեց Արամյանը։

Տիկին Բարբարեն, իբրև անուս և հասարակ գերդաստանի աղջիկ, զուրկ էր այն հնարներից, որով մի բարեկիրթ տանտիկին կարող էր զբաղեցնել յուր․ հյուրերին։ Այդ պատճառով նա առավելապես աշխատում էր յուր հյուրերին հրապուրել քաղցրավենիքով, դրա համար նա հրամայեց թեյից հետո մատուցանել թարմ միրգ և զանազան տեսակ մուրաբաներ։ Բայց նրանք երկար չնստեցին, այլ մի քանի րոպեից հետո հեռացան։ Նրանց ճանապարհ դնելու ժամանակ օրիորդ Սոֆին բռնեց Քաջբերունու ձեռքը և խնդրեց նրանից պատվել իրանց յուր հաճախակի այցելությամբ, ավելացնելով, թե նրա կարծիքներին բոլորովին համակրեց ինքը։

— Ի՞նչպես թվեցավ քեզ այդ օրիորդը, — հարցրեց Արամյանը Քաջբերունուց, երբ նրանք հասան իրանց կացարանը։

— Մի պաճուճյալ խրծիկ, ուրիշ ոչինչ,— պատասխանեց Քաջբերունին՝ դեմքը խոժոռելով։

— Բայց տեսա՞ր ինչքան օժտված է նա բնությունից։

— Ուրեմն դու ևս Դիաչկովի նման կոչիր նրան գեղեցկության դիցուհի։

— Չի կարելի ուրանալ, թե նա գեղեցիկ է։

— Դիցուք թե գեղեցիկ է, բայց ի՞նչ կարելի է հուսալ նրանից։

— Շատ բան, — պատասխանեց Արամյանը։

— Այո՛, կարելի է հաստատ հույս ունենալ, թե նա կարող է լինել հրապուրիչ սիրուհի յուր տարփածուի համար, բայց ոչ երբեք ժրագլուխ տանտիկին և հավատարիմ ամուսին։

— Նա ի՞նչ մեղավոր է, — կրկնեց Արամյանը։

— Ես գիտեմ, որ մեղավոր չէ այդ աստծո գառնուկը, այլ մեղավոր են նրա հիմար ծնողները և յուր կրթությունը, որ այնպես կեղծել են նրան։

— Նայելով այդ հանգամանքներին,— ասաց Արամյանր,— դարձյալ թող շատ ապրին մեր Հայաստանի պարզ և չքնաղագեղ