Էջ:Raffi, Collected works, vol. 2 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/160

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

հանում։ Արամյանը նշմարելով, որ նա քնեց, հուշիկ, ոտքի մատների վրա հեռացավ նրա քնարանից։ Նա դուրս եկավ բակը՝ մի փոքր թարմ օդ շնշելու։

Հիանալի լուսնկա գիշեր էր։ Բոլոր շրջակայքում թրթռում էր ամառային եղանակը տաք, մանկական, ախտաբորբոք կյանքով։ Անցնելով Հացի-Գելենց կացարանի մոտից, հանկարծ լսեց նա քնքուշ ձայն.

— Պարոն Վահե։

Մին էլ երևան ելավ օրիորդ Սոֆիի վայելչահասակ կերպարանքը, որ նույն րոպեին նմանում էր գիշերային հավերժահարսի։

— Օրիորդ Սոֆի, այգ դո՞ւք եք,— մոտեցավնրան Արամյանը։

— Այո՛,— պատասխանեց նա։

— Այս խորին գիշերային պահո՞ւն։

— Այնպես, դուրս եկա․․․ ես ինքս չգիտենալով, թե ինչո՞ւ համար...

Արամյանը տեսավ, որ նրա դեմքն այնպես գունատված էր, ինչպես սառն մարմարիոն և նրա գիսակները խառնված էին և աչքերը վառվում էին կատաղի կրակով։

— Դուք այլևս չեք երևում, պարոն Վահե,— հարցրեց օրիորդը։

— Ընկերիս հիվանդությունը չէ թողնում ինձ տանից հեռանալ,— պատասխանեց Արամյանը։

—Այժմ ի՞նչպես է նա։

—Լավ չէ՛։

—Վա՜յ, ափսոս։ Ի՞նչ է նրա հիվանդությունը։

— Բարակացավ։

— Վաղո՞ւց է։

— Այո՛, վաղուց,— համալսարանում ևս ուներ։

Օրիորդը մտածմունքի մեջ ընկավ։ Կարծես այդ լուրը տխրեցրեց նրան։

— Տեսնո՞ւմ եք, պարոն Վահե, ի՞նչ հիանալի գիշեր է,— խոսեց նա րոպեական լռությունից հետո։

— Այո՛, հիանալի է, — պատասխանեց Արամյանը։

— Պարոն Վահե, բարի եղեք, գնանք մի փոքր շրջելու․ չէ՞ որ դուք ևս սիրում եք լուսնկա գիշերը։

— Ես սիրում եմ, միայն այժմ խիստ ուշ է. գիտե՞ք, ժամը երկուսն է։

— Խնդրում եմ... գնանք. ձեզ ասելու բաներ ունիմ, այստեղից մի քիչ հեռանանք․․․։