Էջ:Raffi, Collected works, vol. 2 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/163

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Օրիորդը փարվեց նրա պարանոցով։

Մի քանի րոպե տիրեց խորհրդավոր լռություն...։

— Այժմ գնանք,— ասաց օրիորդը, որպես թե սթափվելով յուր մտավոր արբեցությունից։

— Գնանք,— կրկնեց Արամյանը և վեր կացավ։

Օրիորդը նրա թևն առավ, նա իրան բավական հոգնած էր զգում, նա գնում էր Արամյանի կողքից թույլ և անհավասար քայլերով։

ճանապարհին ասաց օրիորդը.

— Այժմ կասես, թե դու ևս սիրում ես ինձ։

— Սիրում եմ,— պատասխաննց Արամյանը։

— Այժմ ես կարող եմ կոչվել քո կինը, այնպես չէ՞,— կրկնեք օրիորդը։

— Խնդրում եմ, Սոֆի, չհիշել ինձ այդ..․։

— Այդ բոլոր...

— Խնդրում եմ, չվրդովել ինձ։

— Եվ դու չե՞ս խղճալու ինձ։

— Ես արդեն ասացի, թե սիրում եմ քեզ. այդ բավական է։

— Այդ բավական չէ...։

— Առայժմ այլ խոսք չեմ կարող քեզ ասել,— պատասխանեք Արամյանը և լռեց։

Դարձյալ արտասուք երևեցավ օրիորդի աչքերում։

Երկար նրանք գնում էին. երկու կողմից ևս տիրում էր խորին լռություն, մինչև նրանք հասան իրանց կացարանին։ Երբ կամենում էին բաժանվել, Արամյանը գրկեց նրան և կրկին համբուրելով ասաց.

— Իմ կյանքումս ոչ մի օրիորդ չէր լսած իմ բերանից՝ «սիրում եմ քեզ» խոսքը, բայց ես զոհեցի դրան քեզ, այդքանով մենք երկուքս կարող ենք լինել բախտավոր...։

Օրիորդը նույնպես գրկեց և համբուրեց նրան, նրանք բաժանվեցան։

Առավոտյան աստղը վաղուց շողշողում էր արևելքում, և թռչունները երգում էին իրանց վաղորդյան երգը։

Մտնելով յուր անկողինը, օրիորդը այլևս չկարողացավ քնել։ Հազարավոր մտածմունքներ խռովում էին նրան։ Նա զգում էր Արամյանի ձեռքի առաջին շոշափումը յուր ծոցի մեջ. նա զգում էր նրա ջերմ համբույրները յուր թշերի վրա և այլևս ուրիշ բան չէր զգում նա...։ Մի քանի ժամ այսպես նրա երևակայությունը վառված էր հրապուրիչ երևույթներով, և նա անքուն մնաց, մինչև լուսարացին տիրեց նրա հոգնած անդամներին քաղցրիկ քունը։