Էջ:Raffi, Collected works, vol. 2 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/164

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Արամյանը վերադառնալով յուր կացարանը՝ նախ առանց ձայն հանելու մտավ Քաջբերունու մոտ և նկատեց, որ նա հանգիստ քնած է, հետո դարձավ յուր քնարանը։ Նա մտավ անկողին, բայց քունը մատ չեկավ նրա աչքերին։ Մի կիրք, որ ավելի նման էր ամոթանքի և զղջման, չարաչար տանջում էր նրան. «Այս ի՞նչ գործեց»..․ ասաց նա, և միևնույն րոպեին զգաց յուր խղճի խայթը։

ԻԹ

Առավոտյան Արամյանը ծուլանում էր վեր կենալ յուր անկողնից, բայց երբ լսեց մյուս սենյակից Քաջբերունու ծանր հազը, իսկույն վեր թռավ անկողնից և գիշերազգեստով մտավ ընկերոջ քնարանը։ Նա գտավ նրան վատ գրության մեջ։

Քաջբերունին տեսնելով նրան՝ ասաց.

-Վահե, այսօր ինձ համար մի սայլակ վարձիր, ես պիտի քաղաք գնամ, այնտեղ գոնյա երկու բան մոտ կլինի ինձ-բժիշկ և գերեզմանատուն, բայց այստեղ երկուսից ևս զրկված եմ։

Արամյանը շատ աշխատեց համոզել նրան և հետաձգել նրա գնալը, բայց հնար չեղավ։

-Դու արդեն կատարել ես քո հյուրասիրական պարտքը, մեղն իմն է, որ երկար չկարողացա վայելել նրան, — ասաց Քաջբերունին։

Տասը ժամին ճանապարհորդական սայլակը կանգնած էր Արամյանի կացարանի դռանը։

Արամյանը իրանց գնալու պատրաստության հոգացողության մեջ էր։ Նա դուրս եկավ, որ մի քանի կարգադրություններ անե և մեկ էլ հանկարծ դռան շեմքի վրա հանդիպեց օրիորդ Սոֆիին։ Նա գունաթափված էր որպես մահ։

-Ես ուղիղ քեզ մոտ էի գալիս, Վահե,- ասաց նա։

-Ինձ մո՞տ, — կրկնեց Արամյանը զարմանալով։

-Այ՛ո։

-Հրամեցե՛ք։

Նրանք ներս մտան Արամյանի սենյակը։

-Դուք գնում ե՞ք — հարցրեց օրիորդը նստելով փոքրիկ գահավորակի ծայրին։

-Գնում ենք,— պատասխանեց Արամյանը։

-Ե՞րբ։

-Կարելի է մի ժամից հետո։

Եվ դու գնում էիր առանց ինձ հետ տեսնվելո՞ւ։