Էջ:Raffi, Collected works, vol. 2 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/165

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

-Ես առանց քեզ տեսնելու չէի գնա։

Օրիորդը հեզիկ նայեց Արամյանի երեսին։

-Ի՞նչ պատճառով եք գնում, — հարցրեց նա։

-Սմբատի հիվանդությունը օրըստօրե վատանում է, հարկավոր է քաղաքում լինել։

-Մի՞թե առանց քեզ չէ կարող գնալ։

-Կարող է, միայն ես չեմ կամենում նրան միայնակ թողնել։

-Եվ դու պիտի մնաս նրա մոտ քաղաքում։

-Այո', պիտի մնամ հոգ տանելու նրա առողջությանը։

Վերջին խոսքը ծանր ներգործություն ունեցավ օրիորդի վրա։

Եվ դու պիտի թողնես ինձ այստեղ միայնա՞կ,— հարցրեց նա ողորմելի կերպով նայելով Արամյանի երեսին։

-Ի՞նչ արած, այդպես պատահեցավ,—պատասխանեց Արամյանը։

-Չէ' որ դու ասացիր, թե սիրում ես ինձ, և այժմ կամենում ես միայնակ թողնել ինձ... բոլորովին չմտածելով, թե ես տխուր էի առանց քեզ...։

-Ես շատ ափսոսում եմ, որ այսպես շուտ բաժանվում եմ քեզանից, միայն համաձայնիր, որ Սմբատն այժմ առավել կարոտ է իմ կարեկցությանը, քան թե դու։ Ես նրան նույնպես սիրում եմ, ինչպես իմ դաղափարակից ընկեր, ես չեմ կարող նրանից բաժանվել։

Արամյանի վերջին խոսքերը խիստ զգալի եղան օրիորդին, նա մի քանի րոպե մտածման մեջ ընկավ և ապա պատասխանեց.

— Այո՛, Սմբատն այժմ առավելապես կարոտ է քո կարեկցությանը, քան թե ես. Վահե՛, գնա', տեր ընդ քեզ, և հոգ տար այդ պատվելի տղամարդու առողջության մասին, ես չեմ կամենում բաժանել քեզ քո սիրելի ընկերից։

Արամյանին խիստ ազդեց օրիորդի քնքուշ զգացողությունը և նա մոտեցավ նրան, գրկեց և սեղմեց յուր կրծքի վրա։

-Հիմա կարելի է պարոն Սմբատին տեսնել, — հարցրեց օրիորդը։

-Ինչո՞ւ չէ կարելի, — պատասխանեց Արամյանը։

-Ես կկամենայի նրան տեսնել։

-Ուրեմն սպասիր, իմացում տամ։

Արամյանը մտավ Քաջբերունու սենյակը։ Քաջբերունին, փաթաթված յուր թանձր մուշտակի մեջ, պառկած էր մահճակալի վրա։

-Օրիորդ Սոֆին կամենում է քեզ տեսնել,— ասաց նրան Արամյանը։