Էջ:Raffi, Collected works, vol. 2 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/168

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

բանացնել այդ գերդաստանի հետ ծանոթանալու, և շուտով նա հասավ յուր նպատակին, երբ մի օր տիկին Բարբարեն ինքը հրավիրեց նրան իրանց մոտ ճաշելու։

Դիաչկովը հայտնվեցավ ճիշտ պայմանյալ ժամին։ Նա հագնված էր այնպես պճնված, կարծես երևելի տոն էր, և նա նոր էր վերադառնում Նևսկի պրոսպեկտից։

Դիաչկովը՝ հայրական ահագին ժառանգությունը մայրաքաղաքում զոհելով թատրոնների, բալերի, կրուժոկների և այլ շռայլության ու զեխության կուռքերին, ոչինչ բան չէր շահել, այլ մի այն ճշմարտությամբ ուսել էր, թե ինչպես պետք է վարվել հասարակական կյանքում, այսինքն՝ ինչպես պետք է հանդիպել մանուկ օրիորդներին կամ մանկահասակ տիկիններին, ինչպես նրանց գլուխ տալ, խոսք կցել, զվարճախոսել, սեթևեթել, մի խոսքով՝ նա գիտեր յուր դերը խիստ հմուտ կերպով խաղալ կյանքի ամեն մի հանգամանքում։

Նա խիստ քաղաքավարի կերպով ներկայացավ Հացի-Գելենց գերդաստանին, նախ և առաջ մոտեցավ տիկին Բարբարեին և համբուրեց նրա ձեռքը, հետո շնորհալի կերպով դարձավ դեպի օրիորդ Սոֆին՝ «բոն ժուռ, մադմուազել Սոֆի» ասելով, ապա ձեռք տվավ Լիզային և Ելենային, որոնց վրա նրանց առաջին հյուրերը ամենևին ուշադրություն չէին դարձնում։

Դիաչկովի քաղաքավարի վարվեցողությունը առաջին օրից տպավորություն գործեց տիկին Բարբարեի վրա։

Դիաչկովը յուր ընդունելության առաջին խոսքերը սերտած գեղեցկախոսությամբ արտահայտելուց հետո ասաց․

— Այժմ ես ձեր դրացությամբ կարող եմ բոլորովին երջանիկ համարվել, մտածելով, թե ես կարող էի այնքան բախտավոր լինել, շահելով ձեր բարի համարումը․․․։ Ա՜խ, ի՞նչ էր իմ առաջին կացարանը․ կատարյալ դժոխք․ ոչ ոք չկար ժամանակ անցկացնելու, թեև ինձ մերձակա էին կենում գեներալ Կ․..ի և կնչազ Ն․․․ի գերդաստանները, բայց ի՞նչ ախորժանք նրանցից․․․ ճշմարիտն ասած, ես սաստիկ ատում եմ այդ ազնվականներին, չնայած որ նրանք ինձ հարգում էին և ոչ մի օր առանց ինձ ճաշ և ընթրիք չէին անում։ Բայց ի՞նչ նպատակով հաճախել այդպիսի գերդաստանների մոտ, դնում ես, այո՛, քեզ ընդունում են շատ սիրով, նստում ես, և ահա ծերունի գեներալն սկսում է շաղակրատել իր պատերազմական գործունեությունից՝ սկսյալ Պասկևիչից, Աբաս Միրզայից հասնում է Վորոնցովը, առանց ժամանակ տալու յուր աղջիկներին մի բան խոսելու։ Նրանք՝ խղճալիքը տհաճությունից տոչորվում են իրանց