Էջ:Raffi, Collected works, vol. 2 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/171

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Օրիորդը վերջացնելուց հետո, Դիաչկովը մոտեցավ նրան և մինչև գետին խոնարհվելով շնորհակալություն արավ, ավելացնելով, թե այնուհետև չէր ցանկանա լսել Մոցարտին և Բեթհովենին՝ նրա նվագը լսելուց հետո։

Ապա ինքը Դիաչկովը նստավ պիանոյի մոտ և նվազեց երգելով մի սոնետ. նրա անախորժ ձայնը այնպես նման էր կատվի մլավյունի հնչյուններին, որ Գրիգոլի ծիծաղը շարժեց, որ լուռ նստած լսում էր։ Բայց Դիաչկովը յուր երգը կիսատ թողնելով հեռացավ պիանոյից՝ հավատացնելով, թե համալսարանում շատ պարապմունքի պատճառով կրծքի հիվանդությունը զրկեց նրան յուր անուշ ձայնից, եթե ոչ, նա մի անգամ Պետերբուրգում գրաֆ Տամրալովսկու տանը մրցության մեջ մտավ իտալացի առաջին երգիչ Կասոնի հետ և ինքը տարավ մրցանակը։

ԼԱ

Քաջբերունին քաղաք գնալուց հետո ամբողջ մի ամիս հիվանդ պառկեցավ, մինչև նրա առողջությունը փոքր֊ինչ ուղղվեցավ. բայց այնուհետև երկու ընկերները չկամեցան ամառանոց գնալ, որովհետև քաղաքում ևս բավական հով էր եղանակը։

Մի օր նրանք նստած էին. Արամյանի դեմքը չէր ցույց տալիս բոլորովին ուրախ արտահայտություն, կարծես թե ներքին թախիծներ վրդովում էին նրա սիրտը, մինչև նա ընդհատեց լռությունը՝ խոսելով.

— Սմբատ, մի՞թե միշտ այսպես անպաշտոն և անգործ պիտի մնանք մենք։

— Այո՛, — պատասխանեց սառնությամբ Քաջբերունին, — որովհետև նա, ով որ պիտի մեզ պաշտոն տա, ռոճիկ տա, մենք նրա համար անպիտան կարասիներ ենք, այլ խոսքով մենք նրա գործին անհարմար ենք։

— Ի՞նչ պետք է արած, — տհաճությամբ հարցրեց Արամյանը։

— Ի՞նչ պետք է արած,— կրկնեց - Քաջբերունին, և նրա երեսի վրա երևեցավ թթու արտահայտություն։ — Կամենո՞ւմ ես պաշտոն... պրծավ գնաց...

— Մի՞թե այդ կարելի է անել։

— Ուրեմն գո՛հ եղիր աղքատությամբ։

— Բայց ա՞զգը, — հարցրեց Արամյանը։

— Ազգը ի՞նչ։ - Քաջբերունին։