Էջ:Raffi, Collected works, vol. 2 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/172

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

— Նա մեզ հաց չի՞ տա։

— Կտա, եթե նրա ոտքերը լիզես և նրա քմացը համար խունկ ծխես։

Նրանց խոսակցությունն ընդհատեցավ, երբ ներս մտավ Դիաչկովը՝ ուրախության ծիծաղը երեսին։

Նա առանց ողջունելու և առանց նրանց ձեռք տալու, զլխարկը վերցրեց և կանգնելով նրանց առջև՝ ասաց.

— Շնորհավորեցեք, պարոններ, իմ քաջագործությունը, այսօր ես տարա սուդում մի այնպիսի փառավոր գործ, որ կատարյալ հրաշք է. վասն որո, եղբարք, երեք հազար մանեթ գրպանեցի...

— Տո՛, Թաթոս, դու ի՞նչ օրենք գիտես, որ քո տարած գործն ինչ լինի,— ասաց նրան Արամյանը։

— Եղբայր, օրենք գիտենալն այս քաղաքում ոչինչ նշանակություն չունի,— պատասխանեց Դիաչկովը կծու կերպով։ — Ահա քո ընկերը ևս մագիստրոսի դիպլոմը ծոցում պարապ տանը նստած է. միայն այստեղ գլխավորապես պետք է լինել սիրենա և կարողանալ գրավել օրենքը, դատաստանը և դատավորները։

Քաջբերունին լուռ լսում էր նրանց։

— Ինչո՞վ,— հարցրեց Արամյանը։

— Ինչո՞վ,— կրկնեց Դիաչկովը.— ծիծաղելի հարց. «տո՛ւր կայսերն կայսեր, և աստծույն աստծո»— ահա՛ թե ինչով։

— Կարելի է այդ աստիճան ստորանալ, կեղտոտ գործիք դառնալով անպիտան մարդկանց լումայասիրության,— հարցրեց Արամյանը։

— Արդարը միշտ սովից մեռնում է, եղբայր, — պատասխանեց նրան Դիաչկովը։

Արամյանը կամենում էր մի խոսք ևս ասել, բայց նրան ընդհատեց Քաջբերունին` ասելով․

— Ես բոլորովին համաձայն եմ քեզ հետ, պարոն Դիաչկով այսօրվա օրում ով չգիտե ստախոսել, հաճոյամոլությամբ կեղծավորել և ուրիշի կամքին ու նպատակներին զոհել յուր ամենայնիվ և ամենասուրբ զգացմունքները, չէ կարող արծաթ շահել։ Որովհետև մեր քաղաքական կյանքը, դժբախտաբար, այնպիսի հանգամանքների մեջ է դրված, որ դրանք անհրաժեշտ պիտույքներ են եղած։ Եվ մենք մի քանի րոպե առաջ սույն նյութերի վրա էինք խոսում, դու ընդհատեցիր մեզ։

Քաջալերվելով Քաջբերունու խոսքերից, որ նա խոսեց կծու արհամարհանքով, Դիաչկովն ասաց.