Էջ:Raffi, Collected works, vol. 2 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/178

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

— Այլևս չէ՞ ողջանում։

— Ո՛չ, որպես ապակիի փշրանք չէ կարելի կրկին կցել և ողջացնել, նույնպես է և սիրտը։

Եվ Արամյանի դեմքը մռայլվեցավ։ Օրիորդը գրկեց նրան և խորին զգացողությամբ նայելով նրա երեսին՝ ասաց.

— Վահե՛, երբ քո սիրտը այդպես կոտրված լինի, մի այլ սիրտ, որ այնքան ամուր կերպով կապված է քոնի հետ, նույն դրության չէ՞ ենթարկվիլ։

— Այո , կենթարկվի, եթե՛ կապված լինի, բայց իմ կարծիքով՝ իմ ու ձեր սրտի մեջ եղած հեռագրական թելը վաղուց կտրված է...

— Ուրեմն այդպե՞ս է քո կարծիքը, — պատասխանեց օրիորդը և թողեց նրան յուր գրկից և նստավ նրան ավելի մոտ։

— Այժմ հասկացա քո տհաճության պատճառը, միայն ուղիղ չէ քո կարծիքն այդ մասին։

— Կարծիքը ոչինչ նշանակություն չունի այնտեղ, ուր կան հայտնի փաստեր, — պատասխանեց Արամյանը։

— Ի՞նչպիսի փաստեր։

— Զորօրինակ Դիաչկովը։

— Դիաչկո՞վը, — կրկնեց արհամարհանքով օրիորդը, — ես հրամայեցի անցյալ օրը արտաքսել մեր տանից այն հիմարին։

— Այդ արդեն ուշ է... և ձեր կորուստը նրա պատճառով կմնա անդարձ...

— Ուղիղն ասած, Վահե, ես չեմ հասկանում քեզ. ի՞նչ կորուստ։

— Դրանից ավելի ի՞նչ կորուստ կարող է լինել, որ այժմ այդ փողոցի շառլատանը բոլոր քաղաքում տարածում է մի ամբողջ ռոման յուր և ձեր սիրահարության մասին Կոջորում։

— Այն խաբեբան կարող է շատ ստեր խոսել, բայց դրանով ես պիտի կորցնե՞մ իմ համարումր, — պատասխանեց օրիորդը։

— Շատ ստերը միշտ հիմնվում են մասնավոր ճշմարտության վրա։

Վերջին խոսքերից բոլորովին հայտնի եղավ օրիորդին, ինչ որ նույն րոպեին աղմկում էր Արամյանի սիրտը։ Նա հանկարծ չոքեց մանուկ տղամարդու առջև և գրկեց նրա ծնկները. ասելով․

— Վահե՛, դու բարկացել ես ինձ վրա, ներիր, ես մեղավոր եմ քո առջև։

Արամյանը ոչինչ չպատասխանեց, միայն խնդրեց, որ նա