Էջ:Raffi, Collected works, vol. 2 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/179

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

բարձրանա գետնից, բայց օրիորդը վեր չկացավ տեղից և անդադար կրկնում էր.

— Ների՛ր, ների՛ր ինձ...

Եվ նա սկսեց դառնապես լաց լինել։

Արամյանը դարձյալ աշխատեց բարձրացնել նրան։

— Ես չեմ կանգնելու, մինչև չասես, թե ներում ես ինձ:

Արամյանը ասաց, թե ներում է։

Օրիորդը նստեց յուր առաջվա տեղում։

— Ես ներում եմ ձեզ, — դարձյալ կրկնեց Արամյանը հոգվոց հանելով,— բայց ես այսուհետև չեմ կարող սիրել ձեզ, որովհետև մեր մեջ ամենայն ինչ վերջացած է արդեն...

Օրիորդը դարձյալ սկսավ լաց լինել։

— Սերը, օրիորդ Սոֆի, շատ քնքուշ և շատ մաքուր բան է, մի չնչին բիծ ևս արատավորում է նրան, մինչդեռ նա է և պիտի լինի միշտ սուրբ, որպես եղել է սկզբից։

— Ուրեմն ես արատավորեցի՞ մեր սերը, — հարցրեց օրիորդը։

— Այդ ձեզ հայտնի է արդեն։

— Բայց դու եղիր դարձյալ բարի և խղճա իմ վրա. ես, Վահե, կմեռնեմ հուսահատությունից, երբ դու թողնես ինձ. իմ կորստյան պատճառ մի՛ լինիր, Վահե։

— Մեր մեջ ամենայն ինչ վերջացած է այսուհետև, օրիորդ Սոֆի,— սառնությամբ պատասխանեց Արամյանը։ — Դուք այլևս ոչինչ մի հուսացեք ինձնից, օրիորդ Սոֆի. այս իմ վերջին խոսքերն են ձեզ հետ. լսեցեք իմ բարեկամական խրատներս, ուղղեցեք ձեր վարքը, եթե չեք կամենում բոլորովին ոչնչացնել ձեզ, քանի որ դուք դեռևս մանկահասակ եք, և դեռևս կյանք կա ձեր առջև։ Ես չեմ մոռանա այն մի քանի ժամերը, որոնք Կոջորում անցուցել եմ ձեզ հետ, ես մինչև մահ պիտի հիշեմ... և դուք հետո պիտի հասկանաք, թե ես ճշմարիտ սիրում էի ձեզ... Այո՛, իմ սիրտը կոտրվեցտվ, սառավ, ինչպես ասացի ձեզ։

Օրիորդ Սոֆին կամեցավ մի քանի խոսք ասել նրան, բայց հանկարծ նախասենյակում լսելի եղավ Քաջբերունու ծանր քայլերի ոտնաձայնը, երբ նա սուլելով անցավ դեպի յուր սենյակը։

— Եկավ Սմբատը,— ասաց Արամյանը,— մենք այստեղ ինչ-որ խոսենք, կարող է լսել նա. գնացե՛ք, խնդրեմ, օրիորդ Սոֆի, թող մեր գաղտնիքը մնա նույնպես ծածուկ, ինչպես եղել է մինչև այսօր։

— Դու արտաքսո՞ւմ ես ինձ, Վահե՛,— ասաց ողորմելի ձայնով