Էջ:Raffi, Collected works, vol. 2 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/180

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

օրիորդը,— բայց խնդրեմ օգնիր ինձ մինչև դուռը գնալու, իմ մեջ այլևս ուժ չկա...

Արամյանը բռնեց նրա թևից, բարձրացրեց և սկսավ նրան դուրս տանել:

Կանգնելով դռանը՝ օրիորդը բռնեց Արամյանի ձեռքը և խոսեց.

— Վահե՛, դու մերժեցիր ինձ, դու բաժանվեցար ինձնից, բայց ես դարձյալ պիտի սիրեմ քեզ. մնաս բարով, իմ բարեկամ, տուր գոնյա վերջին անգամ համբուրեմ քո ձեռքը։

Եվ նախքան Արամյանը կարգելեր՝ նա նրա ձեռքը սեղմեց յուր երեսի վրա. արտասուքի կաթիլները թրջեցին նրա ձեռքը. Արամյանը օգներ նրան նստել կառքը։ Օրիորդը երեսի շղարշը վայր քաշեց։ Կառքը սահեցավ։

ԼԳ

Ժողովուրդը, ամառվա տաք ամիսներում զրկված թատրոնից, խուռն բազմությամբ դիմում էր այնտեղ։ Օթյակները, բազկաթոռները և աթոռները, պատշգամբը, բոլորը բռնված էին։ Մուզիկան հնչում էր։ Բազմությունից ոմանք իրանց դիտակներով նայում էին գեղեցիկ աղջիկներին, և ոմանք իրանց աթոռների վրա նստած՝ անհամբեր սպասում էին, թե ե՛րբ պիտի բարձրանա վարագույրը։

Բազկաթոռների երրորդ կարգի մի անկյունում նստած էր Քաջբերունին և նրա մոտ՝ Արամյանը։

Արամյանր նույն րոպեին խոսում էր յուր ընկերոջ հետ թատերական բեմի վրա, թե հայկական լեզվով ներկայացումները կարող էին բավական օգուտ բերել հայ հասարակությանը։

— Ի՞նչ օգուտ պետք է բերեին, երբ այս հիմարները հայերեն չգիտեն,— պատասխանեց Քաջբերունին՝ ակնարկելով թատրոն եկած հայերին։

— Մի՞թե սրանք իտալերեն հասկանում են, որ այսպես թափվել են այստեղ,— ասաց Արամյանը։

— Դու կարծում ես, թե դրանք եկել են այստեղ բան հասկանալո՞ւ, ո՛չ, նրանք եկել են միևնույն նպատակով, ինչ նպատակով մարդ կերթա բազար։ Մայրերը իրանց աղջիկներին զարդարած բերել են վաճառելու, երիտասարդները եկել են գնելու...։ Նայիր այն հարուստ հայ երիտասարդներին, որոնք նստած են առաջին կարգում. նրանք շատ անգամ թանկագին ընծաներ են նվիրում երգչուհուն,