Էջ:Raffi, Collected works, vol. 2 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/184

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ներկայացնել մեծ թատրոնում, սակայն կարելի կլինի առանձին մասնավոր տներում ներկայացնել։

— Գրի՛ր, եթե թույլ կտան ներկայացնել,— ասաց Քաջբերունին։

Եվ Արամյանը երկար մնաց արթուն, նա եռանդով գրում էր...

ԼԴ

Ամբողջ մի ամիս Քաջբերունին որոնում էր, որ մյուս անգամ ևս տեսնե այն օրիորդին, բայց նրա բաղձանքն իզուր անցավ։ Նա շուտ-շուտ թատրոն էր գնում և ամեն օր դուրս էր գալիս բուլվարի վրա կամ գնում էր Աղեքսանդրյան այգին, բայց ոչ մի տեղ չհանդիպեց նրան։

Քաջբերունին սիրահարված չէր նրա վրա, որովհետև, որքան մեզ հայտնի է, այդ կիրքը վաղուց սառած էր նրանում։ Բայց նրա հետաքրքրությունը շարժում էր այն բանը, որ նա ցանկանում էր դիտենալ, թե որպիսի գոյություն ուներ այն խորհրդավոր օրիորդը, որի առաջին իսկ երևույթը թողեց յուր վրա այնպես խոր տպավորություն։

Մի օր բուլվարի վրա երկար զբոսանքից հետո նա մտավ մի հայ գրավաճառի խանութ փոքր-ինչ հանգստանալու։ Նա նստած ծխում էր. հանկարծ տեսավ ներս մտավ նույն օրիորդը, ոտքից ցգլուխ պատշաճավոր հագնված մթագույն հագուստ։ Նա քաղաքավարությամբ մոտեցավ գրավաճառին և բավական մաքուր հայերենով խնդրեց Մ. Միանսարյանցի «Քնար Հայկականը»։ Գրավաճառը պատասխանեց, թե այդ գիրքը իրանց մոտ էլ չի մնացել։ Օրիորդը հարցրեց, թե ո՞րտեղից կարելի է գտնել։ Քաջբերունին պատասխանեց նրան.

— Պատվելի օրիորդ, ես ունիմ ձեր խնդրած դիրքը, թե կամենաք՝ ես կտամ ձեզ կարդալու։

— Շնորհակալ եմ ձեր բարեսրտության համար,— պատասխանեց օրիորդը՝ գլուխ տալով նրան։

— Ո՞՛րտեղ կարող եմ ձեզ հասցնել։

— Իմ կացարանը շատ հեռու չէ,— պատասխանեց օրիորդը,— ահա իմ հասցեն։

Եվ օրիորդը մոտեցավ գրասեղանին և շատ սիրուն հայերեն դրեց յուր հասցեն և հանձնեց Քաջբերունուն, գլուխ տվավ և շտապ դուրս գնաց։