Էջ:Raffi, Collected works, vol. 2 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/187

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

մի բարեկամ երիտասարդի հետ. խոսում էինք մի կատակերգության մասին, որ այն օրերում ներկայացրին պատանի N-ինի տանը։ Ես նկատեցի մի օտարական, որ նստած էր նստարանի մյուս ծայրին և ուշադրությամբ լսում էր մեզ. երբ մեր վեճը վերջացավ, մենք սկսանք զբոսնել այգիում, նա դարձյալ չէր հեռանում մեզանից։ Խոսակիցս ամենևին ուշադրություն չէր դարձնում, բայց ես գաղտնի հետազոտում էի նրա ընթացքը։ Օտարականի խորհրդավոր կերպարանքը շարժեց իմ հետաքրքրությունը։ Ինձ ցանկալի էր գիտենալ, թե ինչո՞ւ չէր հեռանում նա մեզանից։ Ընկերիս հարկավոր եղավ վառել յուր ծխախոտը նրա ցիգարից, որ նա ծխում էր. այդ փոքրիկ հարաբերությունը առիթ տվավ նրան հաղորդ լինել մեր խոսակցությանը, և ես այդպիսով ծանոթացա այն պարոնի հետ.

— Նա ակնոց ունե՞ր, բարձրահասա՞կ էր, գանգուր մազերով, շագանակագույն, մոխրագույն լայնեզրյա եվրոպական գլխարկ, այնպես չէ՞, պայծառ, գրավիչ դեմքով... փոքրիկ շիկավուն մորուքով... այո՞, խոսելու միջոցին սովորություն ունի խաղալ մորուքի մազերի հետ... ուղի՞ղ է։

— Իսկ և իսկ,— կրկնեց օրիորդ Աննան,— նույն անձն է։ Բայց դուք մի բան մոռացաք, ավելի նշանավոր են նրա աչքերը՝ մեծ-մեծ, լիքր, փայլուն և խաժակն...։

— Այո՛,- պատասխանեց Քաջբերունին։

— Ասացեք խնդրեմ, ո՞վ էր նա։

— Ես ևս այնքան գիտեմ, թե ո՛վ է նա, որքան և դուք, միայն այսքանն ինձ հայտնի է, որ նա, ինչպես ասացիք, ուսյալ ոմն է...

Մի քանի րոպե ևս տևեց նրանց մեջ այդ խոսակցությունը անծանոթ անձի մասին, մինչև նրանք դարձյալ սկսեցին խոսել հայոց գրականության մասին։

— Հրամմեցեք գնանք իմ մատենադարանը, ուր դուք կտեսնեք, թե ի՛նչ գրքեր ունիմ,— ասաց օրիորդր կանգնելով։

Քաջբերունին նույնպես վեր կացավ։ Օրիորդը յուր կարը և կարելու պարագաները դնելով մի զամբյուղում, սկսավ առաջնորդել յուր հյուրին դեպի յուր մատենադարանը, ամենևին ուշադրություն չդարձնելով թափ տալու յուր հագուստին կպած բամբակի և թեյի պատառները։

— Մեր Սաթենիկը՝ փոքր քույրս, չի բարկանա, որ այսօր ևս չի կարող հագնել յուր շապիկը,— ասաց օրիորդը։

— Ուրեմն ես ղրկեցի խեղճ երեխային յուր ուրախությունից,— ասաց Քաջբերունին,— արգելք լինելով ձեզ կարելու։