Էջ:Raffi, Collected works, vol. 2 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/188

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

— Ո՛չ, նա այնքան բարի երեխա է, որ չի նեղանա:

Նրանք մտան մատենադարան։

Քաջբերունուն այնպես էր թվում, թե հարյուր անգամ եղել է այդ տանը, և օրիորդի պարզ վարվեցողության մեջ չէր նշմարվում որևիցե մեծարական ցույցեր. նրա բոլոր ընթացքը արտահայտում էր անկեղծություն և բարեսրտություն։

Օրիորդի մատենադարանը մի փոքրիկ սենյակ էր, բավական մաքուր, առանց արտաքին շքեղության, նրա բոլոր զարդարանքն էին մի քանի պատկերներ, որոնց մեջ տեսանելի էր Վարդան Մամիկոնյանի, Ոգի Հայաստանիի, Հայկի պատկերները և մի քանի այլ պատկերներ հայ քաջազունների։

Օրիորդը սկսավ ցույց տալ յուր գրքերը։

— Ահա՛ Եղիշե, ահա՛ Խորենացի, Նարեկ, Ագաթանգեղոս, «Վերք Հայաստանի»...։

— Բավական գրքեր ունիք, — ասաց Քաջրերունին։

— Գրքեր ունիմ, միայն ցավում եմ, որ գրաբար են, իսկ ես լավ չեմ հասկանում։

—Դուք կարող եք պարապել հին լեզվով, առանց լավ ծանոթանալու հին լեզվի հետ, չէ՛ կարելի խորին տեղեկություն ունենալ մեր լեզվին և մեր գրականությանը։

— Բոլորովին ուղիղ է ձեր ասածը,— պատասխանեց օրիորդը.— քանի եղբայրս կենդանի էր, նա ուսուցանում էր, բայց նրա մահից հետո թերի մնաց իմ հայերեն լեզվի գիտությունը, այժմ թեև մի սարկավագ երբեմն գալիս է դաս պարապելու հետս, բայց այդ խղճալին ինքը ևս լավ չէ իմանում։ 

— Եթե դուք համաձայնեք, ես պատրաստ եմ շաբաթը երկու անգամ գալ ձեզ հետ հայերեն պարապելու։

— Եթե ձեր ժամանակը կներե, ես չափազանց շնորհակալ կլինիմ,— պատասխանեց օրիորդը։

— Ես այժմ համարյա բոլորովին ազատ եմ, — պատասխանեց Քաջբերունին,— բայց եթե գործ ևս ունենայի, դարձյալ ես մեծ հաճությամբ իմ ժամանակից մի քանի ժամ կզոհեի մի հայ օրիորդի, որ կամենում է յուր ազգային—մայրենի լեզուն լավ սովորել։ Ափսո՜ս, որ այդպիսի ցանկացողներ խիստ հազվագյուտ են այս քաղաքում։ Այստեղի աղջիկները ո՛չ միայն չեն սիրում իրանց ազգային լեզուն ու գրականությունը, այլև ատում են և նախատինք են համարում խոսել հայերեն։

— Ի՞նչ մեղ ունին այն խեղճերը,— պատասխանեց օրիորդ Աննան.