Էջ:Raffi, Collected works, vol. 2 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/191

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

պառավը պատմում էր, նա շատ խնամք էր տանում ձեր առողջության մասին։

— Այո՛, նա բարի տղա է։

— Նա ևս մեր քաղաքացի չ՞է ։

— Այո՛, նա էլ ինձ պես պանդուխտ է այստեղ։

— Խնդրեմ, մյուս անգամ մեր տուն գալուց նրան ևս ձեզ հետ բերեք. ինչպե՞ս է նրա անունը։

— Վահե Արամյան։

— Վահե Արամյան, — կրկնեց օրիորդը,— ա՜խ, ես ո՛րքան սիրում եմ մեր պատմական անունները, ի՜նչ քաղցր հիշատակներ են նրանք ծնում մեր մտքի մեջ...։ Բայց ասացեք, խնդրեմ, ի՞նչ է ուսել պարոն Արամյանը համալսարանում։— Նա ավարտել է բանասիրական մասը, այլև ուսել է արևելյան լեզուները։

— Ուրեմն հայերեն ևս լավ պիտի գիտենա։

— Նա երևելի հայկաբան է, այլև հեղինակ. ունի մի քանի արհեստական և մի քանի բանաստեղծական աշխատություններ. այս օրերում նա ավարտեց մի եղերերգություն՝ «Վարդան Մամիկոնյանի մահը» անունով, հիանալի բան է։

Արևը վաղուց մայր էր մտել, և սենյակը, ուր նրանք նստած էին, բավական մթնել էր։ Օրիորդը նկատեց այդ, իսկույն վառեց ղամբարը՝ ասելով.

— Ինչո՞ւ ճրագ չենք վառում, ա՜խ, ո՛րքան մոռացկոտ եմ ես։ Մի քանի րոպե ևս նրանք խոսեցին այս և այն առարկայի վրա, մինչև աղախինը եկավ հայտնեց օրիորդին, թե ո՜րտեղ կկամենային վայելել թեյը։

— Պարոն Քաջբերունի,— ասաց օրիորդը,— հրամմեցեք գնանք դահլիճ, այնտեղ դուք կտեսնեք իմ պառավ մորը և կծանոթանաք նրա հետ։ Նրանք դուրս եկան մատենադարանից և մտան դահլիճ։ Այնտեղ նստած էր օրիորդի մայրը, մի հասակն առած կինարմատ, բարի և խելացի դեմքով։ Նա ոտքից գլուխ հագնված էր սև։ Օրիորդը յուր հյուրին ներկայացրեց մորը՝ ասելով.

— Ահա՛, մայրիկ, պարոն Քաջբերունին, այն երիտասարդը, որ հիվանդ պառկած էր գերմանացոց թաղում և որի մասին շատ անգամ պատմել եմ քեզ։

— Իմ մայրը, տիկին Եղիսաբեթ,— կրկնեց օրիորդը։

Քաջբերունին գլուխ տվավ. նրանք նստեցին։