Էջ:Raffi, Collected works, vol. 2 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/193

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

— Այդպիսի աղջիկներ այս քաղաքում հազվագյուտ երևույթներ են, ես շատ կցանկանայի նրա հետ ծանոթանալ:

— Նա արդեն խնդրել է, որ ես քեզ տանեմ իրանց հետ ծանոթացնելու:

— Նա ո՞րտեղից է ճանաչում ինձ:

Քաջբերունին սկսեց պատմել, թե ի՛նչպես օրիորդը տեսել էր նրան հիվանդության ժամանակ։

Նույն միջոցին դռները ճռռացին, և հանկարծ ներս մտավ Դիաչկովը:

— Պատմության քաղցր տեղում մլթոնին ասաց՝ «սալլամ ալեյքում»,— ասաց Արամյանը թուրքերեն առածը։

— Ինձ մի՛ ջղրացնեք, ես այնքան բարկացած եմ, որ կռիվ կսարքեմ,— ասաց նա հայերեն լեզվով, դեմքը խոժոռելով:

Նա դրավ գլխարկր լուսամուտում և սկսավ անցուդարձ անել սենյակի մեջ, գլուխը շարժելով, ինքն իրան ասելով «Այո՛ , դժբախտություն... դժբախտություն...»։

— Ի՞նչ է պատահել, Թաթոս,— հարցրին նրանից:

— Էլ ի՞նչ պիտի լինի, դո՛ւք, պարոններ, չար աչքով զարկեցիք իմ բախտավորության,— պատասխանեց Դիաչկովը բարկությամբ և շարունակելով անցուդարձ անելը:

— Մեր աչքերը Արտավազդա աչքերը չեն,— ասաց նրան Արամյանը։

— Արտավազդը չգիտեմ ով էր և ինչպիսի աչքեր ուներ, երևի նա էլ ձեզ պես հայոց թագավոր կլիներ,— ծիծաղելով պատասխանեց Դիաչկովը,— միայն ճշմարիտն ասած ես դժբախտ եմ այժմ։ Քաջբերունին և Արամյանը կարծեցին, թե կարելի է նրան որևիցե դժբախտություն հանդիպած լինի, այդ պատճառով ցավակցաբար հարցրին նրանից, թե ի՞նչ դժբախտություն է պատահել նրան։

Դիաչկովը նստեց և յուր տխրամած աչքերը խորհրդավոր կերպով ձգեց նրանց երեսին և խոսեց.

— Եղբարք, ես ցավալի կերպով արտաքսված եմ Հացի֊Գելենց տնից, ինքը օրիորդ Սոֆին հրամայած է այլևս չընդունել ինձ։

— Իրավ այդ մեծ դժբախտություն է,— կրկնեց Քաջբերունին.— ի՞նչ պատճառով։

— Պատճառը խիստ բնական է,— պատասխանեց Դիաչկովը.— վերջին օրերում նրանց տան ներքին հարկում բնակվում է մի ռուս, մանկահասակ աստիճանավոր, որ ծառայում է կովկասյան ինժեներնոյե