Էջ:Raffi, Collected works, vol. 2 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/195

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

— Ուրիշ ի՞նչ կա,— հարցրեց Քաջբերունին,— այդ մեզ շատ չէ գրավում. որովհետև մենք վաղուց գիտեինք, թե նրանից ի՛նչ էր գուրս գալու։

— Բայց ես մահու չափ վշտացած եմ. այն Պանտալոնովսկու (այդպես էր ինժեների անունը) հերը կանիծեմ... թող մի փոքր անցնի... նա շգիտե, թե ո՛ւմ հետ է կատակ անում...։

Այդ խոսքերն այնքան կրքով արտասանեց Դիաչկովը, որ Հիրավի նրա աչքերը վառվեցան բարկությունից, և նա դարձյալ վեր կացավ և սկսավ անցուդարձ անել սենյակի մեջ։

Բոլոր այդ խոսակցության միջոցին Արամյանը լուռ էր. նրա վրա խիստ անախորժ ներգործություն ունեցավ Դիաչկովի լուրը։ Թեև նա վաղուց յուր սիրո կապը կտրել էր օրիորդ Սոֆիի հետ, բայց տակավին մի գաղտնի կիրք նրա սիրտը ցավեցնում էր, երբ լսում էր նրա մասին, թե նա օրըստօրե դիմում է դեպի կործանումը։

Բայց Դիաչկովը մոտեցավ նրան և բռնեց նրա ձեռքը՝ ասելով.

— Եղբայր, դու միայն կարող ես կարեկցել ինձ, որովհետև մենք երկուքս համավիճակ ենք. բայց իմ խոսքերը ընկերոջդ չեն գրավում, նա թող պարապի յուր հայոց թագավորությունը օդի վրա հիմնելու ծրագրով....։

Մանուկ տղամարդիկը ոչինչ չպատասխանեցին նրա խոսքին, և Դիաչկովը առավ գլխարկն ու, առանց մնաք բարյավ ասելու, դուրս գնաց։

— Ո՞ւր, ո՞ւր, Թաթոս, կանգնի՛ր, բան ենք ասում,— ձայնեցին նրան, բայց Թաթոսը առանց ետ նայելու գնաց։

— Այդ հիմարը մեզ ընդհատեց,— ասաց Քաջբերունին՝ կցելով ընդհատված խոսակցությունը օրիորդ Աննայի մասին։— Երկու հակառակ ծայրեր են օրիորդ Սոֆին և օրիորդ Աննան, մինը որքան անբարոյական և լկտի, մյուսը այնքան առաքինի և բարեկիրթ։

Եվ նրանք երկար խոսեցին կանանց կրթության մասին։

Դիաչկովը նրանց մոտից դուրս գալով ճանապարհին հանդիպեց մի աստիճանավորի, որ կառքով գնում էր. նա տեսնելով Դիաչկովին, կառքը կանգնեցրեց և հրավիրեց նրան յուր մոտ նստել։ Դիաչկովն ուրախությամբ ընդունեց նրա հրավերը։

— Ո՞ւր էիք,— հարցրեց աստիճանավորը։

— Այստեղ մի քանի րոպե ներս մտա,— պատասխանեց Դիաչկովը։

— Ո՞ւմ մոտ։

— Այդտեղ երկու հոգի Հայ-իկներ կան...։