Էջ:Raffi, Collected works, vol. 2 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/196

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

— Դուք ի՞նչ գործ ունիք նրանց մոտ։

— Ինձ պատվիրված է լրտեսել նրանց գործունեությունը։

— Ի՞նչպիսի անձինք են։

— Նախանձավոր պատրիոտիկներ (հայրենասերներ)։

— Ի՞նչ մտքերի են ծառայում։

— Մինը աշխատում է մշակել հայոց լեզուն և գրականությունը, խելամուտ առնել ազգին յուր պատմական ավանդություններին, իսկ մյուսը կատարյալ ծով է. նրա հատակը դեռ չէ երևում, բայց խիստ վտանգավոր մարդ է։

Երևում էր, որ այդ ծանոթությունները հետաքրքրեցին աստիճանավորին. նա շարունակեց յուր հարցուփորձը․

— Այստեղ ի՞նչ են շինում։

— Այս քաղաքում բույն գնելու միտք ունին։

— Ծաոայու՞մ են, ապրուստ ունի՞ն։

— Նրանք մերկ են որպես թեփռած հավ, բայց իրանց աղքատության մեջ դարձյալ հպարտ են և անընկճելի։

— Վաղու՞ց է, որ ճանաչում եք դրանց։

— Ես համալսարանից ընկեր եմ եղել դրանց հետ։

Այսպես նրանք խոսում էին, և կառքը սահում էր ողորկ փողոցի վրայով, մինչև Դիաչկովը հրամայեց կանգնել և, ներողություն խնդրելով աստիճանավորից, վայր իջավ։

— Առայժմ մնաք բարյավ, ես պիտի մտնեմ իշխանի մոտ,— ասաց նա։

— Մե՞ր իշխանի,— հարցրեց աստիճանավորը։

— Այո՛,— պատասխանեց Դիաչկովը և սկսավ դիմել դեպի մի հոյակապ տուն։ Պահապան կազակից, որ կանգնում էր դռանը, ստուգելով, որ իշխանը տանն է, նա քաշեց զանգը։

Աստիճանավորը հեռացավ։ Դուրս եկավ մի ծառա հագնված լիվրեյ և առաջնորդեց նրան։ Դիաչկովն սկսավ բարձրանալ նեղ գորգի վրայով, որ բևեռած էր սանդուղքներին, և լիմոնի, նարնջի ծառերի և պես-պես ծաղիկների միջով նա մտավ մի մեծ դահլիճ՝ փառավոր կերպով զարդարած։

Այնտեղ մի քանի րոպե սպասեց նա, մինչև նրա մասին իմացում տվին, հետո ընդունվեցավ այն սենյակում, որ զարդարված էր աշխարհի հազվագյուտ բաներով։ Այդ իշխանի առանձնասենյակն էր։

Եվ արդարև, Դիաչկովը խորին մեծարանքով գլուխ տվավ մի ծերուկի, ալևոր գլխով, ակնոցներով և խորամանկ դեմքով, որ