Էջ:Raffi, Collected works, vol. 2 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/197

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

գրասեղանի հանդեպ նստած գրում էր։ Տեսնելով Դիաչկովին, նա գրիչը վայր դրեց և յուր հարցական հայացքը ձգելով Դիաչկովի երեսին, ասաց.

— Բարով, Ալեքսանդր Սիմոնովիչ, հը՛, ի՞նչ կա։

— Մի քանի րոպե առաջ նրանց մոտ էի, տեր,— պատասխանեց Դիաչկովը.— բոլորը ստույգ է, ինչ որ ասել են ձեզ։

— Ի՞նչպես։

Դիաչկովը յուր չորս կողմը նայեց, կարծես պատերը լսում էին նրան, և մոտեցավ իշխանին և կանգնելով ծերուկի առջև, նա երկար պատմեց նրան մի գաղտնիք։ Ծերուկը խորին ուշադրությամբ լսում էր նրան, և հետզհետե կատաղի բարկությունը բոցավառվում էր նրա նախանձահույզ աչքերում։

Երբ վերջացրեց Դիաչկովը յուր խոսքը, դարձյալ հեռացավ և կանգնեց յուր առաջվան տեղը։

— Ես այդ բոլորը իմացում կտամ ուր պետք է,— վերջապես խոսեց իշխանը,— և մենք կկարգադրենք նրանց մասին։

— Բայց, ձերդ մեծափայլությունը մի խոստմունք ուներ ծառայիդ,— ասաց Դիաչկովը։

— Այո՛, ես չեմ մոռացել, ես խոսացել եմ նախագահի հետ, դուք անպատճառ մի քանի օրից հետո դատարանում անդամ կընտրվիք։

Դիաչկովը գլուխ տվավ և հեռացավ։

— «Դատարանի անդա՜մ... ի՜նչ հրաշալի խոսք է դա...»,— խոսում էր յուր մեջ ճանապարհին Դիաչկովը. «Այո՛, մեծ փառք է այդ նստել ոսկյա վորոտնիկով գահի վրա և դատ լսել... Այն հիմարները (Քաջբերունին և Արամյանը) ինձ վրա ծիծաղում են, բայց ես կգլորեմ դրանց դեպի մշտնջենավոր կորուստ, և նրանց դամբարանի վրա կբարձրացնեմ իմ փառքի աթոռը...»։

Այդ խորհրդածության մեջ էր նա, որ հանկարծ մի կառք սլացավ յուր մոտից, նա տեսավ օրիորդ Սոֆիին և Պանտալոնովսկուն միասին նստած կառքում։ Կայծակի հարված ունեցավ այդ երևույթը նրա վրա, և նրա ուրախ դեմքը մի ակնթարթում մռայլվեցավ։

ԼԶ

Մյուս օրը կյուրակե էր։ Արամյանն ու Քաջբերունին առավոտից պատրաստվել էին գնալ օրիորդ Սեպուհյանցի մոտ (այդպես էր օրիորդ Աննայի ազգանունը)։