Էջ:Raffi, Collected works, vol. 2 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/198

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Տասն ժամին նրանք երկուսն էլ դուրս գնացին, նստեցին կառք և դիմեցին դեպի քաղաք։

Մտնելով Սեպուհյանցների մոտ, նրանք գտան միմիայն տիկին Եղիսաբեթին, որ ուրախությամբ ընդունեց մանուկ տղամարդկանց. Քաջբերունին ծանոթացրեց տիկնոջ հետ Արամյանին, և նրանք նստեցին։

— Ո՞ւր են օրիորդ Աննան և երեխերքը, դուք մենակ եք,— հարցրեց Քաջբերունին։

— Աննան երեխանց հետ գնացել է ժամ, միայն ես մի փոքր տկար լինելով՝ զրկվեցա այսօր պատարագ տեսնելուց, — պատասխանեց տիկինը։

— Աննան ամե՞ն կյուրակե ժամ է գնում,— հարցրեց Արամյանը։

— Ո՛չ մի կյուրակե նա ետ չէ մնում պատարագից․ նա սիրում է աղոթել։

— Այդ մի բարի ձգտումն է մանուկ աղջիկների մեջ,— ավելացրեց Արամյանը,— այդպիսով նրանք ավելի մոտ կլինին աստծուն։

— Թե՛ աղջիկը և թե տղան, թե՛ ծերը և թե երիտասարդը, մի խոսքով՝ բոլոր մարդիկ միշտ կարոտ են աստծո ողորմությանը,— պատասխանեց ջերմեռանդությամբ տիկինը,— որովհետև մեղքն ու մահը մեր ամենքիցը շատ հեռու չեն։

Նախասենյակում լսելի եղան ոտնաձայներ։

— Ահա՛ նրանք եկան,— ասաց տիկին Եղիսաբեթը։

Ներս մտավ օրիորդ Աննան յուր փոքրիկ քրոջ և եղբոր հետ, բոլորովին սպիտակ հագնված․ նրա հագուստը՝ փրփուրի պես թեթև, խիստ վայելուշ կերպով նստած էր նրա վրա։ Կարծես նա աստծո տունը դիմելու ժամանակ միայն սովորություն ուներ պատշաճավոր կերպով հագնվիլ։ Նա, «ողորմի աստված» ասելով յուր մորը և յուր հյուրերին, մոտեցավ, բարեկամաբար սեղմեց Քաջբերունու ձեռքը, և Արամյանի հետ ծանոթանալուց հետո, խիստ քնքուշ բարեսրտությամբ հայտնեց յուր ուրախությունը Արամյանի հետ ծանոթանալու համար։ Ապա նա դարձավ դեպի մայրը՝ ասելով.

— Մայրիկ, դու այսօր չկարողացար պատարագ տեսնել, բայց ես քեղ համար նշխարք եմ բերել ժամից։

— Աստված օրհնե քեզ, հոգյակս,— ասաց տիկին Եղիսաբեթը և առավ նշխարքը և երեսը խաչակնքելով դրեց բերանը։

— Դուք ևս, պարոններ, կարծեմ այսօր ժամում չեք եղած,—