Էջ:Raffi, Collected works, vol. 2 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/200

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ուշադրություն դարձվեր։ Լավ և ներդաշնակ երգեցողության միջոցով կարելի էր մեր ժողովրդի նախկին կրոնական ջերմեռանդությունը վառել և այդպիսով ժողովրդին դեպի բարին աոաջնորդել։

— Այո՛, ձայների ներդաշնակությունն ահագին նշանակություն ունի. և մեր շարականների մեջ ի սկզբանե անտի գոյություն են ունեցել երաժշտական նշաններ․ միայն ցավալին այն է, որ առհասարակ մենք չենք մտածում մեր ունեցած ընտիր-ընտիր բաները կարգ ու կանոնի տակ ձգելու, որով առիթ ենք տալիս հայկական կյանքին անծանոթ մեր օտարամոլ ազգայիններին մաածելու, թե մենք ոչինչ լավ բան չունինք։

— Զեր խոսակցությունը կարող է ավելի երկարել,— ասաց տիկին Եղիսաբեթը՝ դառնալով դեպի դուստրը,— հապա մենք թեյ չպիտի՞ խմենք, և դու քո հյուրերին չպիտի՞ պատվասիրես. ա՜խ, որքան անքաղաքավարի ես։

Օրիորդը վեր կացավ և հրամայեց աղախնին սարքել թեյի սեղանը։

— Այդպես է Աննան,— դարձավ դեպի հյուրերը տիկին Եղիսաբեթը,— երբ նա ընկնում է խոսակցության ետևից, արդեն ամեն ինչ մոռանում է։

— Մի՞թե դեռ թեյ չեք վայելած,— հարցրեց Քաջբերունին։

— Մենք միշտ սովորություն ունինք բոլորովին ծոմ գնալ եկեղեցի։

Օրիորդն ամեն օր սովորություն ուներ ինքը մատակարարել թեյը, բայց այսօր նա յուր պաշտոնը թողեց աղախնուն և ինքը նստեց հյուրերի մոտ՝ նրանց զբաղեցնելու յուր խոսակցությամբ։ Նա մի օր առաջ լսելով Քաջբերունուց, թե Արամյանը հեղինակ է և ունի մի եղերերգություն գրած, այդ հարցը նրան հետաքրքրում էր, և կամենալով լիովին տեղեկություն ստանալ նրա աշխատության մասին՝ հարցրեց.

— Պարոն Արամյան, դուք վերջացրի՞ք ձեր եղերերգությունը։

— Այո՛,— պատասխանեց Արամյանը,— բայց դուք ո՞րտեղից գիտեք, թե ես եղերերգություն եմ գրում։

— Անցյալ օրն ինձ ասաց պարոն Քաջբերունին. ինձ շատ ցանկալի է տեսնել այդ։

— Մի քանի օր առաջ մենք մի պարոնի տանը գրականական երեկույթ ունեինք, ուր կարդացինք իմ եղերերգությունը. այժմ մի քանի երիտասարդներ մտադիր են բեմի վրա ևս ներկայացնել, իհարկե, դուք նույնպես ներկա կլինիք։