Էջ:Raffi, Collected works, vol. 2 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/201

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

— Ես մեծ ուրախությամբ ներկա կլինիմ, միայն եթե կարելի է՝ մինչև ներկայացնելը մի անգամ բերեինք մեզ մոտ կարդալու. ես շատ կցանկանայի հառաջագույն տեղեկանալ ձեր աշխատության պարունակությանը և հետո տեսնել բեմի վրա։

Արամյանը խոստացավ։

— Շատ ցավալի է,— կրկնեց օրիորդը,— որ այսքան հայ Ժողովուրդ ունինք այս քաղաքում, բայց չունինք մի ազգային թատրոն, գերմանացիք այստեղ մեր քսաներորդ մասի չափ ևս չկան, բայց աոանձին թատրոն և առանձին ակումբ ունին։

— Դեռ այդ բանի համար շատ ժամանակ պետք է, մինչև հայը գերմանացու պես հառաջադեմ դառնա...,— գլուխը շարժելով կրկնեց Արամյանը։

— Բшյց ես լսել եմ, որ պոլսեցիք ունին ազգային թատրոն,— խոսեց օրիորդը։— Այդ ուրախալի բան է, որ Տաճկաստտնի հայերն այնքան առաջ են գնացել, բայց ցավալի, որ Ռուսաստանի հայերս այսքան ետ ենք մնացել։

— Բայց պոլսեցիք ունին և սահմանադրություն...,— պատասխանեց Արամյանը զգալի եղանակով։

Օրիորդը խնդրեց Արամյանին՝ պատմել իրան պոլսեցոց սահմանադրության մասին մանրամասն, թե ով եղավ նրա սկզբնապատճառը, ի՛նչպես սկսվեցավ, խոստովանելով, թե ինքը շատ քիչ գիտե այդ մասին։ Արամյանը, թեև համառոտաբար, բայց ճշտությամբ պատմեց նրան սահմանադրության ամբողջ պատմությունը։ Օրիորդը հայտնեց յուր շնորհակալությունը, երբ նա ավարտեց խոսքը։

Մանուկ տղամարդիկը նշմարելով, որ երկար նստեցին, վեր կացան, մնաք բարյավ ասելով հեռացան, տիկին Եղիսաբեթը շատ խնդրեց, բայց նրանք չմնացին ճաշի։ Օրիորդ Աննան նրանց ճանապարհ դնելու ժամանակ կրկին անգամ խնդրեց Արամյանին՝ եղերերգության մասին։

— Ես իմ կյանքումս չեմ տեսած մի այդպիսի օրիորդ մեր հայերի մեջ,— ճանապարհին ասաց Արամյանը։

— Այո՛, տե՛ս, թե ի՛նչ ներգործություն ունի ուղիղ կրթությունը մանուկ սեռի վրա։

— Բայց ափսո՛ս, որ նրա կրոնասիրությունն ու բարեպաշտությունը հասնում է մոլեռանդության։

— Ի՞նչ մեծ կորուստ է, որ նա ծանոթ չէ Վոլտերի և Ռուսսոյի հետ,— պատասխանեց Քաջբերունին,— ավելի լավ է՝ կանանց լինել