Էջ:Raffi, Collected works, vol. 2 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/202

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

բարի քրիստոնյա, քան թե ազատ փիլիսոփաներ։ Նիհիլիստուհիների անբարոյական օրինակը քեզ բավական է իմ ասածս ապացուցանելու։

— Այո՛, աշխատելու է Աննայի նման օրիորդներ պատրաստել,— խոսեց Արամյանը ոգևորությամբ,— դրանք և միայն դրանք կարող են ծնել ազգի համար պիտանի որդիք և ոչ թե նիհիլիստական ուղղությամբ տոգորված ու փչացած աղջկերքը։

— Ո՞րտեղ պատրաստել,— պատասխանեց Քաջբերունին։

— Պետք է աշխատել հիմնել ազգային օրիորդական դպրոցներ և նրանց կրթությանը օրինավոր ուղղություն տալ։

— Նախ՝ որ այդ հնարավոր չէ, բացի դրանից, մեր հիմար քաղաքացիք—այդ հաստափոր գոմշի ռումբիքը, այդ անզգա, հոգով և մտքով մարմնացած մսե բլուրները ի՞նչ հնար են տալիս իրանց ուսյալ երիտասարդներին՝ ազգին ծառայելու։ Երևակայիր, այստեղ մի քանի իգական դպրոցներ կան, ուր պարապում են մեր հայ երիտասարդները. խեղճերը ոչ միայն արժանավոր վարձատրություն չեն կարողանում ստանալ, այլ շատ անգամ ձրի աշակերտուհիներ ևս չեն գտնում։ Այս կամ այն մադամին ուրախությամբ հարյուրներով մանեթներ են տալիս ամեն տարի, բայց ուսուցչին, որ դոկտորի դիպչոմը ծոցն է, հոգիները դուրս է գալիս մինչև ամսական երեք մանեթ են տալիս։

— Այդ ունի յուր հատուկ պատճառները, որ մերայիքը այստեղ այդպես օտարամոլ են,— պատասխանեց Արամյանը։—Աղջկանց ուսումը և նրանց կրթությունը այստեղի ժողովրդի համար բոյորովին այլ նշանակություն ունի, քան ինչ որ կարծում ենք։ Ուսման վրա նրանք նայում են որպես մի նյութի վրա, ինչպես են այն կարասիքը, որ ծնողները պատրաստում են իրանց աղջկանց օժիտի համար։ Ծնողները վաղուց հասկացել են, որ ինստիտուտի, պանսիոնի լոկ անունը մեծ նշանակություն ունի իրանց աղջկերանց մարդու տալու ժամանակ, երբ նրանց մոցիքուլը, փեսին հրապուրելու համար, թե «էսքան փուղ ունե, էսքան բաժինք ունե, էհենց սիրուն է, էհենց հունարով է».., և ավելացնում է—«ինստիտուտումը կուրսը վերջացրիլ է... ռսնակ խոսիլ գիտե... փորտոպյան ածել, տանցովատ խաղալ...»։

Այդպես խոսելով երկու երիտասարդները գնում էին: Ճանապարհին հանդիպեց նրանց Դիաչկովը։

— Ո՞ւր,— հարցրին նրանից։