Էջ:Raffi, Collected works, vol. 2 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/203

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

— Ես ուղղակի ձեզ մոտ էի գալիս,— պատասխաներ բավական ուրախ դեմքով Դիաչկովը:

— Ներս գնանք։

Նրանք արդեն հասել էին իրանց կացարանին։ Երեքը միասին ներս մտան։

— Ի՝նչ նոր համբավ ունիս,— հարցրին նրանից։

— Ես մի լավ համբավ ունիմ, թեև այդ չէր կարող ձեզ այնքան ուրախություն պատճառել, որպես ինձ, այնուամենայնիվ հարկավոր է ասել. երևում է բախտը առժամանակ ևս կամենում է ժպտալ ինձ. դուք կարելի է դեռ չեք մոռացել, որ անցյալ անգամ ձեզ պատմեցի իմ դժբախտության մասին, ես վերջում ավելացրի, թե Հացի-Գելենց մոտ մյուս անգամ պատիվ գտնելու համար պետք է աշխատել Ճանճուր Իվանիչին դեպի սուդ քարշ տալ, որպեսզի նրանք մյուս անգամ ակնկալություն ունենան ինձանից։

— Դեռևս երկա՞ր պիտի ձգվի այդ պատմությունը,— նրա խոսքը ընդմիջեց Քաջբերունին,— իսկ ես կարծում էի, թե մի այլ բան պիտի պատմես։

— Խնդրեմ լսեք, վերջը շատ հետաքրքրական է,— ասաց Դիաչկովը։— Այո, որպեսզի նրանք մյուս անգամ ակնկալություն ունենան ինձանից...։ Մինչ ես այս խորհրդածության մեջ էի և որոնում էի որոգայթ լարել Ճանճուր Իվանիչին, հանկարծ աստված ինքը կատարում է իմ խորհուրդը, ասեք ի՞նչպես։ Ճանճուր Իվանիչը բավական մեծ գումար վնասված է արքունի կապալներում, և տերության գանձարանը նրա բոլոր շարժական և անշարժ կայքը պիտի ծախել տա. նրանք ինձանից խնդրեցին պաշտպանել նրան սուդումը, թեև համոզված եմ, որ ոչինչ չեմ կարող օգնել, բայց ինձ ի՞նչ փույթ, ինձ համար այսքանը միայն բավական է, որ այդ անցքը առիթ տվավ ինձ մյուս անգամ ներս սողալ Հացի-Գելենց ընտանեկան շրջանի մեջ։

— Ո՜րքան չարախնդաց մարդ ես դու,— ասաց նրան Քաջբերանին՝ ուշադրությամբ նայելով նրա երեսին։

— Ի՞նչ չարախնդացություն, աշխարհիս կարգն այդպես է. ըստ մեծի մասին մինի դժբախտությունը մյուսի համար բախտավորություն է բերում։

— Ո՜րքան փոքրոգություն է այդպես օձանման սողալ մինի խաղաղ գերդաստանի մեջ և նենգություններ գործ դնել։

— Ի՞նչ փոքրոգություն,— կրկնեց Դիաչկովը յուր առաջվա եռանդով։
— Ո՛չ միայն փոքրոգություն, այլև վերին աստիճանի ցածություն