Էջ:Raffi, Collected works, vol. 2 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/205

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

մանուկ տղամարդկանց, նա քաղաքավարությամբ բարևեց նրանց՝ ավելացնելով.

— Կարծեմ դուք կներեք ինձ, մինչև վերջացնեմ Սաթենիկի դասը։

— Խնդրեմ, շարունակեցեք, արգելք չենք լինիլ,— ասաց Քաջբերունին։

— Ահա՛ ձեզ առժամանակ զբաղմունք,— ասաց օրիորդը և տվեց նայելու յուր ասեղնագործությունները,— թեև սրանք այնքան էլ գեղեցիկ չեն։

Եվ օրիորդը դրեց սեղանի վրա նրանց առջև մի թղթե արկղիկ, որի մեջ դրած էին նրա ասեղնագործությունները։ Մանուկ տղամարդիկն սկսան մի առ մի նայել։ Օրիորդը անփույթ կերպով շարունակում էր քրոջ դասը։

Ասեղնագործությունները նկարված էին գեղեցիկ ճարտարությամբ. նրանց մեջ կային ճակատի կապոցներ, փոքրիկ բարձի երեսներ, սենյակում հագնելու հողաթափների երեսներ, բոլորակ գրասեղանի ծածկոցներ և այլ զանազան կանացի զարդարանքներ։ Մանուկ տղամարդկանց ուշադրությունն առավելապես գրավեցին մի քանի ասեղնագործ պատկերներ բնությունից, որ ներկայացնում էին ծով, երկինք, լեռներ, անտառներ, որոնց մեջ օրիորդը ցույց էր տվել յուր նկարչական տաղանդը։ Դրանց մեջ առավել հետաքրքրական էր մի գործ, որի նկարագիրը վերցրել էր նա «Ոգի Հայաստանի» պատկերից․ այդտեղ հիանալի կերպով պատկերանում էին Արարատը, Հայաստանի ավերակները, տխուր ու տրտում ոգի Հայաստանին։

Մանուկ տղամարդիկը վեր առան վերջին ասեղնագործած պատկերը և երկար նայում էին նրա վրա։ Օրիորդը թելերի հարմար գունավորությամբ և ճարտար ստվերագրությամբ համարյա շունչ էր տվել անշունչ կտավին։

Օրիորդը վերջացրեց դասը։

— Նայիր, Սաթենիկ,— ասաց նա յուր քրոջը,— եթե դարձյալ այսպես վատ սերտես դասդ, ես ստիպված կլինիմ մայրիկին հայտնել այդ մասին։

Սաթենիկը երկյուղածությամբ դուրս գնաց։

— Ի՞նչպես է,— դարձավ նա դեպի յուր հյուրերը։— Չլինի՞ թե ծիծաղում եք իմ լաթերի վրա։

— Ընդհակառակն, ձեր ասեղնագործությունները շատ գեղեցիկ են,— պատասխանեցին նրանք։

— Այդ գովասանքը խիստ չափազանց է,— կրկնեց օրիորդը։