Էջ:Raffi, Collected works, vol. 2 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/21

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

գավազանի զարկ հասցնելով, թողնում էր խղճալի անասունները ցավալի կերպով կաղկանձելիս, և առանց յուր թեյի գավաթը խմելու` մրթմրթալով դուրս էր գալիս տանից և դիմում դեպի կլուբ, այնտեղ վաճառականների հետ տեսնվելու համար, և առևտուրից կամ կապալներից լուր լսել, մինի հաջողության վրա տրտմել, մյուսի անաջողության վրա ուրախանալ, և մի կոպեկով նարդի խաղ անելու ժամանակ անցկացնել։

Արդարև, Ճանճուր Իվանիչը յուր տանից դուրս հասարակության մեջ խոնարհ էր որպես ավանակ, երկչոտ էր որպես նապաստակ, կեղծավոր և շողոքորթ էր որպես կատու, և շողոմիչ, քծնվող էր որպես շուն, իսկ յուր ընտանեկան շրջանում կատաղի էր որպես արջ։ Ճշմարիտ, այդպիսի մարդիկ, որ դրսում գետին են լիզում, ամենի առջև ստրկաբար թեքվում են, ծալվում են, բայց դառնում են բռնակալը իրանց խեղճ ընտանիքի։ Նրանք մի այլ առարկա չեն գտնում նրա վրա գործ դնելու իրանց վայրենի ուժը և մտքի ցնորքը, քան իրանց տկար կենակիցը — խեղճ ամուսինը, և իրանց գերդաստանի մյուս անդամները, որոնք ստիպված են ստրկաբար հպատակել նրա կամքին։ Բայց տիկին Բարբարեն գիտեր յուր ամուսնու բնավորության բոլոր թույլ կողմերը, նա միշտ նկատած էր, որ նրա բարկության ժամանակ որքան լռես, նա կբողբոքի, իսկ երբ որ խստությամբ պատասխանեցիր, նա արդեն ընդունում է յուր սովորական խոնարհ և կեղծավոր կերպարանքը։ Այդ պատճառով տիկին Բարբարեն, ուշադրություն չդարձնելով յուր ամուսնու խստասրտությանը, շատ անգամ կարողանում էր գործադրել յուր իշխանությունը և կամքը տնտեսական և ընտանեկան պիտույքների և հարաբերությունների մեջ, թեև դրա համար նա ստիպված էր վարել մի անխզելի պատերազմ Ճանճուր Իվանիչի կամքի դեմ։

Դ

Բայց մի գիշեր, ուսկից սկսվում է մեր վեպը, Հացի-Գելենց տան մեջ տեսանելի էր արտաքին կարգի փոփոխություններ։ Կարծես թե նրանք պատրաստվել էին հարսանիքի կամ թե սպասում էին ընդունել մի պատվավոր հյուր։ Այդ պատճառով սենյակները լուսավորված էին սովորականից ավելի ճրագներով, հատակի տախտակամածը մաքուր լվացված էր, գորգերը, որ ամբողջ տարին ծալված, մառանում դրված էին և բացվում էին միմիայն տոն օրերը,