Էջ:Raffi, Collected works, vol. 2 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/211

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Այժմ մեր հինավուրց բարեկամին դու չես գտնիլ այնպես, ինչպես էր նա առաջ, ազնիվ ընթերցող. նա այժմ բոլորովին փոխված է, նրա բոլոր մարմինը փքված տիկի է նմանում և մսուտ դեմքը այժմ մաշված, դալկացած, սարսափելի է ինչպես մահ, և նրա աչքերը, դուրս ընկած իրանց բույներից, վառվում են էլեկտրական կրակով, որպես սոված գայլի աչքերը մթին գիշերային ժամուն։

Նա անտեր, անխնամ պառկած է մի փոքրիկ խոնավ սենյակում՝ յուր գործակատարի՝ Սիմոն Յագորիչի տանը, նրա մոտ նստած է և Սամիլ Պետրովիչը, որ եկել է մխիթարելու յուր անբախտ բարեկամին։

Առածն ասում է. «դժբախտությունը միայնակ չէ գալիս», նույնը և հանդիպեցավ մեր խղճալի Ճանճուր Իվանիչին։ Սկսած այն օրից, երբ բաժանվեցանք մենք նրանից, անբախտությունները միմյանց ետևից սկսան պաշարել նրան, մի կողմից տիկին Բարբարեի և օրիորդ Սոֆիի շռայլ ծախսերը օրըստօրե ավելանալով՝ բոլորովին մաշեցին նրա հարստությունը, մյուս կողմից՝ նա վնասվելով յուր կապալների մեջ, նրա տունը և շարժական կայքերը աճուրդի դրվեցան արքունի փողի փոխարեն։ Վերջին անցքը մինչ այն աստիճան զարհուրելի հարված էր խղճալի Ճանճուր Իվանիչի համար, որ նա կաթվածահարվելով՝ անդամալույծ դարձավ և կիսակենդան ընկավ անկողին՝ ողբալի կերպով սպասելով մահվան, որ հանգիստ առնի։

— Փիքր մի՛ անի, Ճանճուր Իվանիչ,— ասում էր Սամիլ Պետրովիչը,— էս աշխրհքի բանը էդպես է. սանդուղքների պես մինը դվեր է գնում, մեկէլը ցած է գալի. էդ ամենը աստծու ձեռքին է. միր ձեռքին վուչինչ չկա. մարդի ճակատին ինչ վուր գրած է, էն պտի ըլի․ Հոբ երանելին միտդ բի՛, քանի քամբախտութինների մեջ ընկավ, վուրթկերանցից, աղջկերանցից, տանից, տեղից, մի խոսքով՝ իր ամեն հարստութենից զրկվեցավ, մարմինը քրքրվեցավ, օրթունքն ուտում էր նրա շանը, մադրամ ինքը էլի չէր նիղանում, էլի իր աստծուն փառք էր տալիս։

Խղճալի Ճանճուր Իվանիչը խորին անզգայությամբ դրված լինելով յուր մահվան խանձարուրի մեջ, ամենևին չէր լսում Սամիլ Պետրովիչի մխիթարանքները։ Նա ընկղմված էր երևակայական ցնորքների մեջ։

«Տեհա՞ր, Սիմոն Յագորիչ, վու՞նց խաբեցի քու Կուզմինին... չէ, դուն չիս գիդի իմ ուստութինը. ես սատանին կու նալիմ․․․ հիմի գնա ղո՛չաղ կաց. ինչպես գուզիս՝ շինե կազոննի տնիրը, էդ շանվուրթի