Էջ:Raffi, Collected works, vol. 2 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/212

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ինժիները էլ չի ասի՝ լամա՛յ... Ես նրա ռեխը մե բան քցեցի՝ նա էլ չի հաչի քիզ վրա...»։

Խղճալի Ճանճուր Իվանիչը, յուր մահվան զառանցանքի մեջ, երևակայությամբ դարձյալ գնացել էր Կավկաս. նա խոսում էր յուր գործակատարի հետ և պարծենում էր յուր գործունեության վարպետություններով։

Սիմոն Յագորիչը լսելով յուր տիրոջ ծանոթ խոսքերը, անցյալը մե ակնթարթում նրա աչքի առաջ հանդիսացավ, նա հիշեց յուր Կավկայի կյանքի ոսկեդարը, երբ այնքան առատ հունձ էր անում. նա հիշեց վերջին դժբախտությունները, և նրա սիրտը փղձկեցավ։

«է՜յ, կուչեր, ու՞մն ին էտ ձիանիրը... ու՞մն է էտ կառեթը... (շարունակեց հիվանդը յուր զառանցանքը) նա ինձ գլուխ է տալիս․․․ կոսիս թե ես դրա աղան ըլիմ․․․ Հա՜... հա՜... հա՜... իմն ե՞ն... կնիկս առնել էրի՜տ... ա՜խ, անիծյալ լինիք դուք, Բարբարե, Սոֆի... Դուք իմ տունը քանդեցիք․․․»։

— Խե՜ղճ մարդ,— կրկնեց արտասուքը սրբելով Սիմոն Յագորիչը,— յուր տան անկարգությունները մահվան դեմ էլ նեղացնում են իրան․․.

Մի քանի րոպե լռեց Ճանճուր Իվանիչը և շարունակեց վրացերեն լեզվով․

«Վաթսուն տարի չարչարվեցա, հոգի, մարմին, հույս, հավատ և ամեն ինչ մաշեցի... Հարստություն ժողովեցի, տուն ու տեղ ունեցա, բոլորը մի քանի րոպեում ջնջվեցավ․․․ Անիծյա՛լ աշխարհ, այս է քո էհտիբարը... ի՞նչու չես գալիս, սիրելի մահ․ գնանք քեզ հետ մյուս աշխարհը, տեսնենք այնտեղ ի՞նչ կա․․․ բայց նա այս աշխարհի նման ի՞նչպես կլինի... այնտեղ ձուկը, Կախեթու գինի, փոդրաթներ չկան... այնտեղ փող չկա... այնտեղ բոլորն աղքատ են... այնտեղ հրեշտակներն էլ մերկ են ման գալիս․․․»։

Նա փոխեց յուր խոսքը.

«Ա՜խ, Սոֆի, Սոֆի... անիծվի՛ս դու, անզգամ աղջիկ..․ դու իմ տունը իստակ քանդեցիր․․․ քեզ վրա որքան մսխեցի իմ սիրելի կոպեկները... նրանք էին այնքան դառն հոգսերի... այնքան սև օրերի... նրանք իմ արյան, իմ կյանքի, իմ դառն քրտինքների գինն էին... Ա՜խ, ուսու՜մ, ուսու՜մ... թքեմ քո մոգոնողի երեսին... դու փչացրիր իմ աղջիկը... նա թողեց մոր տունը, ձգեց յուր ծնողները և փախավ մի շառլատանի հետ... Ա՜խ, ուսու՜մ, ուսու՜մ, անիծվի՛ քո մոգոնողը... Չէ՛, այդ ուսում չէր... այդ զա՛հրումար էր...»։

Էլ չխոսեց խղճալի հիվանդը, վերջին խոսքերով նա կնքեց յուր մահկանացուն։