Էջ:Raffi, Collected works, vol. 2 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/223

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Ա

«Ոչինչ չեմ հասկանում... խելքիս չէ նստում...,— բավական լսելի ձայնով փնթփնթում էր մի փոքրիկ մարդ, որ մոլորված կերպով ցած էր իջնում եռահարկ տան բարձր, մարմարյա սանդուղքներից։— Մարդը դուքանի համար լավ աշկերտ է ուզում, կնիկը տան համար լավ ծառա է ուզում։ Արի՜ ու հասկացիր, թե ո՛րն է դրանց ուզած «լավը»։ Որին որ տանում ես, չեն հավանում»:

Տրտնջողը այն աստիճան պաշարված էր յուր մտածություններրով, որ մինչև անգամ թողել էր զեղեցիկ կապերտի երկար զոլը, որ ձգվում էր սանդուղքների կատարից մինչև նրանց ստորոտը, և ամեն անգամ զարմանում էր, թե ինչո՞ւ յուր կոշտ կոշիկները սայթաքում են հայելու նման փայլուն և փղոսկրի նման կոկ մարմարիոնի վրա։

Երբեմն դիպչելով կիտրոնիների մեծ ծառերին, երբեմն քսվելով ծաղիկների թաղարներին, որ զարդարում էին փառավոր սանդուղքների աջ և ահյակ կողմերը, վերջապես, մեծ ջանքերով ցած իջավ նա և, ծանր դուռը յուր ետևից կողպելով, դուրս եկավ փողոցը։ Այստեղ կանգ առեց և, գրպանից հանելով գունավոր թաշկինակը, սկսեց սրբել ճաղատ ճակատի քրտինքը։

Փողոցում կանգնած սպասում էր նրան մի լավ հագնված իմերել պատանի, որ յուր առողջ ու հաջողակ ոտներով մի քանի րոպե առաջ ցած էր իջել նույն սանդուղքներից։

— Ի՞նչ ասաց,— անհամբերությամբ հարցրեց պատանին։