Էջ:Raffi, Collected works, vol. 2 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/224

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

— Չհավանեց,— պատասխանեց փոքրիկ մարդը։

Պատանին դժգոհությամբ հեռացավ։

Դա տասներորդ «նմուշն» էր, որ նա տարել էր ցույց տալու, բայց եռահարկ տան տիկնոջ հավանությունը չէր գտել:

Փոքրիկ մարդը, որին կոչում էին Արտեմ Պետրովիչ, սպասավորների և ծառաների «դալալ» էր։ Ժամանակները ոչինչ ազդեցություն չէին գործել նրա վրա։ Նա դեռ կրում էր այն տարազներով հագուստներ, որ հագնում էին երեսուն, քառասուն տարի առաջ,- չուխա, արխալուղ, լայն շալվար, մետաքսյա գոտի և այլն։ Միակ փոփոխությունը եղել էր նրա՝ ոչ թե գլխի մեջ, այլ գլխարկի մեջ։ Վաղեմի մորթյա գդակի փոխարեն կրում էր ռուսական «ֆուրաշկա»։ Նրա ամբողջ հագուստը, մշտական կեղտի թանձր խավարի ներքո, այն աստիճան կոկվել էր, որ փայլում էր, կարծես թե սև մուշամբայից լիներ կարված։ Փայլում էր և մուգ-թխագույն դեմքը, որը կարծես թե սև նավթով լիներ օծված։ Չէին փայլում միայն փոշեպատ կոշիկները, որ իրանց կյանքում գուցե մի քանի անգամ բախտ էին ունեցել կոշկաներկի հանդիպելու, թեև Արտեմ Պետրովիչը բավական ունևոր մարդ էր։

Եռահարկ տունը, որտեղից դուրս եկավ նա, կազմում էր Թիֆլիսի Սոլոլակ կոչված թաղի գեղեցիկ զարդերից մեկը։ Նա դեռ կանգնած էր այդ տան շքեղ դռան առջև և մտահույզ աչքերով նայում էր դեպի ծառազարդ փողոցի ընդարձակությունը։ Նորաբողբոջ ակացիների երկար շարքը, որ ձգվել էին փողոցի երկու կողմերում, դեռ նոր էին բաց արել իրանց ծաղիկների սպիտակ փունջերը և դեռ նոր խնկարկում էին գարնանային հովասուն առավոտը իրանց նուրբ անուշահոտությամբ։ Բայց այդ չէր գրավում Արտեմ Պետրովիչին։ Նրա միտքը կլանված էր յուր գործով։

Հանկարծ շարժվեցան նրա կարճ ոտները, նրանց հետ և շարժվեցավ բավական հաստ գավազանը, որ բռնած ուներ յուր ձեռքում։ Նա շտապով գնում էր և, միևնույն ժամանակ, յուր մտքում շարունակում էր ընդհատված մենախոսությունը։

«Մարդու բանը հեշտ է, կշինեմ։ Այն տղային, որ ասել է նա, ինչպես որ լինի, դուրս կպոկեմ յուր մորից։ Բայց ի՞նչ պետք է արած այդ «կապրիզնի» աղջիկ պարոնի հետ։ Որին որ տանում եմ, միշտ մի պակասություն է գտնում։ Ախար առանց պակասության՝ մա՞րդ կլինի։— Դա շատ մեծ է, ասում է, նա շատ պստիկ է, ասում է, դրա բոյը կարճ է... նրանը շատ երկար է... դրա մազերը դեղին են... մյուսի քիթը դյուր չէ գալիս... էն է մնում, որ ասե, թե