Էջ:Raffi, Collected works, vol. 2 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/225

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ատամները ի՛նչպես պետք է լինեն։ Տո, հեր օրհնած, ծառան խո «կուկլա» չէ, որ զարդարանքի համար լինի։ Գոնե մի անգամ էլ չի հարցնում, թե ինչ խելքի տեր է, ի՛նչ գիտե, կամ ի՛նչ կարող է շինել»։

Թեև Արտ եմ Պետրովիչը իրան դժգոհ էր ձևացնում քմահաճ տիկնոջ հանձնարարությունից, որը իրավ, սպասավորների ընտրության մեջ սաստիկ խստապահանջ էր, բայց ինքը, Արտեմ Պետրովիչը, նույնպես բարի պտուղներից չէր։ Տիկնոջ պահանջները մի աոանձին հաճություն էին պատճառում նրան, բայց ամենայն խնամքով թաքցնում էր։ Արտեմ Պետրովիչը Սոլոլակի բարձր շրջանի՝ համարյա բոլոր տներում ծառայող սպասավորների պատրիարքն էր, և միանգամայն նրանց հոգաբարձուն։ Նա այն աստիճան հեղինակություն էր վայելում յուր թեմի մեջ, որ կարող էր ամեն տեսակ փոփոխություններ անել,— մեկին յուր տեղից հանել և մի այլ տեղ կանգնեցնել, մյուսին յուր ցանկացած տեղը տալ։ Դրա համար հարկավոր էր միայն ավելացնել մի քանի ռուբլի։ Բայց Արտեմ Պետրովիչը այնքան հեռատես էր, որ ծառաների հետ սերտ կապեր պահպանելու նպատակով, շատ անգամ յուր գրպանից ծախսելու փող էր տալիս նրանց, երբ անգործ էին, և այնքան սպասում էր, մինչև տեղ գտնեին։ Չար լեզուները ասում էին, որ ծառաները իրանց գողացած իրեղենները նրան էին հանձնում վաճառելու համար։ Ճշմարիտը աստված գիտե, միայն այնքանը ճիշտ էր, որ ծառաները չափազանց հլու էին դեպի նա։

Նա գիտեր, թե ո՛րտեղ ո՛վ է ծառայում կամ ի՛նչ ռոճիկով է ծառայում։ Նա հենց առաջին անգամից կարող էր տիկնոջ պահանջածը ներկայացնել նրան, բայց գործը դիտմամբ երկարացնում էր, որովհետև ամեն անգամ, երբ յուր սանիկներից մեկին բերում էր ցույց տալու տիկնոջը, թեև նրա հավանությունն ևս չէին գտնում, բայց դարձյալ առատաձեռն տիկինը գնում էր Արտեմ Պետրովիչի ափի մեջ երեք ռուբլիանոց մի թղթադրամ, իբրև «արաղի փող»։

Բ

Քաղաքի հետընկած թաղերից մեկի խլության մեջ գտնվում էր մի հին, քայքայված տուն, որ վաղուց ոստիկանության ուշադրությունից ազատվելով, դեռ պահպանում էր յուր թշվառ գոյությունը, որ ամեն րոպե սպառնում էր կործանվել, և յուր հետ հարյուրավոր ավելի թշվառ բնակիչների գերեզման տանել։ Այդ տունը պատկանում էր մի հարուստի, որը, որպես դժվարանում էր