Էջ:Raffi, Collected works, vol. 2 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/227

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Նա նստած էր լուսամուտի հանդեպ, շարունակում էր կարել: Մրոտած ապակիների մռայլ շողքը ընկել էր մաշված դեմքի վրա և երևան էր հանում նրա տխուր գծերը։ Նա կարում էր և երբեմն թախծալի աչքերը դարձնում էր դեպի դուռը, կարծես մեկին սպասելիս լիներ: Իսկ երբեմն վեր էր կենում, մոտենում էր փոքրիկ կաթսային, որը բուխարու մեջ դրած, եփվում էր, և յուր խուլ, մելամաղձական շշնջյունով ընդհատում էր նկուղի խորին լռությունը։

Նա դեռ շարունակում էր կարել, մինչև պատի ժամացույցից քարշ ընկած ծանր շղթաները խշրտացին, փոքրիկ դռնակը բացվեցավ, երկարակտուց հոպոպը դուրս հանեց փետրազարդ գլուխը և, երեք անգամ դեպի ցած ու դեպի վեր բարձրացնելով, յուր թոթով լեզվով ձայնակցեց երրորդ ժամը։

— Տեր աստված,— ձայն տվեց և տառապյալ այրին, — ի՞նչ եղավ, ինչո՞ւ այդքան ուշացավ։

Այդ միջոցին դռները բացվեցան, սպասած անձնավորության փոխարեն՝ ներս մտավ մի այլ անձնավորություն։ Նա կանգ առեց սյամի մոտ և սկսեց հետախույզ աչքերով որոնել տանտիկնոջը, որը նկուղի մեջ տիրող մռայլի պատճառով համարյա անտեսանելի էր։

— Ո՞վ ես, ի՞նչ ես կամենում,— զարմանալով հարցրեց այրին։ Եկվորը ոչինչ չպատասխանեց, այլ տեսնելով նրան լուսամուտի հանդեպ նստած, ինքն ևս մոտեցավ և լուռ նստեց թախտի մի ծայրում։

Անսպասելի այցելուի հանկարծակի հայտնվիլը ոչ սակավ խռովություն պատճառեց խեղճ այրիին, որը, կարը մի կողմ դնելով և ակնոցները ճակատի վրա քաշելով, սկսեց ապշած կերպով նայել նրա վրա։ Բայց այցելուն երկար սպասել չտվեց։ Գլխարկը առնելուց, յուր ձեռքի գավազանի գլխին դնելուց հետո և գունավոր թաշկինակով ճաղատ ճակատից քրտինքը սրբելուց հետո, մի քանի անգամ հազաց, կոկորդը մաքրեց և ապա դարձավ դեպի այրին, ասելով.

— Գիտե՞ս ես ո՛վ եմ, կամ ինչի՞ համար եմ եկել։ Ինձ կասեն Արտեմ Պետրովիչ, դու պետք է լսած լինես իմ անունը։ Վերջին խոսքերը այնպիսի մի հանգով արտասանեց նա, կարծես ամեն ոք պարտավոր էր անպատճառ լսած լինել Արտեմ Պետրովիչի հռչակավոր անունը։

— Չեմ լսել,— պատասխանեց այրին։