Էջ:Raffi, Collected works, vol. 2 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/230

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Այդ միջոցին դարձավ Արտեմ Պետրովիչին ասաց, որ իմանա, թե ո՞ւմ տղան է։ Արտեմ Պետրովիչը վազ տվեց տղայի ետևից, հարցրեց, տեղեկացավ, որ Խոջաբաշյանի որդին է։ Հենց որ իմացավ Արտեմ Պետրովիչր, աչքերը լցվեցան արտասուքով, և նրա սիրտը «մե թավուր էլավ»։ Եկավ Աղա-Պարոնովին պատմեց, նա էլ հենց որ իմացավ, աչքերը լցվեցան արտասուքով, և նրա սիրտն էլ «մե թավուր էլավ»։ Գլուխը շարժեց ու ասաց. «Տեսնո՛՛ւմ ես, Արտեմ Պետրովիչ, փուչ աշխարքի բանը, հերը ի՛նչ հալի էր, հիմա տղան ի՛նչ հալի է»։ Հետո ավելացրեց, «Դրա հերը, Արտեմ Պետրովիչ, ինձ հայրություն է արել։ Ես նրա դուքնումն եմ մեծացել ու նրա ձեռքովն եմ մարդ դարձել։ Պետք է գնաս, Արտեմ Պետրովիչ, որտեղ էլ որ լինի, պետք է գտնես էս տղայի մորը ու ասես, թե ինչպես նրա մարդը ինձ մեծացրեց, հացի տեր դարձրեց, ես էլ պետք է նրա որդին մեծացնեմ ու հացի տեր դարձնեմ, որ պարտական չմնամ»։ — Հիմա հասկացա՜ր, Քեթևան, բանը ինչումն է։

— Հասկացա..,— պատասխանեց դժբախտ այրին, և նրա ձայնը դողդողաց ներքին վրդովմունքից։— Այդ ի՞նչ Աղա-Պարոնով է,— հարցրեց նա, ուղիղ Արտեմ Պետրովիչի երեսին նայելով։

— Հեր օրհնած, չե՞ս ճանաչում, այն որ Սոլոլակում մեծ տներ ունի։

— Սոլոլակում շատերը մեծ տներ ունին։

— Տո, ձեր դուքնի աշկերտը, Սերգեյ Եգորիչը։

— Փա՜ռք քեզ, աստված,— բացականչեց զարմացած կինը։— Խլնքոտ Սաքուլը հիմա Աղա-Պարոնով է դարձել, «աղան» բավական չէր, «պարոնն» էլ պոչին է կպցրել...

Անցյալը յուր բոլոր զարհուրանքով ներկայացավ խեղճ կնոջ առջև։ Հիշեց, որ իրավ, Սոլոլակում մեծ տներ ունեցող Աղա-Պարոնովը մի ժամանակ յուր ամուսնի խանութի աշկերտն է եղել։ Հիշեց, թե ի՛նչպես ամեն օր ճաշին գալիս էր նա և ուտելու «բաժին» էր տանում յուր ամուսնի խանութը։ Հիշեց, թե ի՛նչպես մի անգամ սաստիկ ծեծեց նրան խոհանոցից արծաթյա գդալ գողանալու համար։ Հիշեց թե ի՛նչպես ինքը բաղանիք գնալու ժամանակ նա գալիս էր, վեր էր առնում բաղանիքի «բողչան» և, յուր ետևից ընկած, քարշ էր գալիս մինչև բաղանիքները, մինչև ինքը լվացվում էր։ Հիշեց, թե ինչպես խոհանոցի փոքրիկ գողը, իրանց տան փշրանքներով մեծանալով և հետզհետե զարգանալով, վերջապես դարձավ յուր ամուսնի խանութի ավազակը։— Այդ բոլորը հիշեց նա և, դառնալով դեպի միջնորդը, ասաց.