Էջ:Raffi, Collected works, vol. 2 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/232

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Այդ միջոցին նկուղի դռները շառաչմամբ հետ գնացին, տխուր խոսակցությունը ընդհատվեցավ։ Ներս մտավ մի պատանի, որ ուսին շալակած ուներ մի քանի թոփ հաստ կտավներ, որոնց հետ կապել էր և յուր դպրոցական գրքերը։ Նա յուր ծանր բեռը զգուշությամբ մի կողմ դրեց, և սկսեց քրտինքը սրբել կարմրած երեսից։

— Ինշու՞ այդքան ուշացար, Նիկոլ,— հարցրեց մայրը։

— Գնացի դրանք բերելու,— ցույց տվեց որդին կտավի թոփերը, որ տոպրակներ կարելու համար էր բերել։— Գիտե՞ս որտեղից. Շադինովի քարվանսարայից։ Ինձ ասացին, գնա այնտեղից տար։ Մինչև բերեցի, հոգիս դուրս եկավ, շատ հեռու է։

Մայրը բոլորովին մոռացել էր, որ առավոտյան պատվիրեց որդուն, որ դպրոցից արձակվելուց հետո գնա կապալառուի գրասենյակը և կարելու համար նոր կտավներ խնդրե։

— Դե՛, արի նստիր, հանգստացիր, ես իսկույն ճաշը կպատրաստեմ,— ասաց մայրը, վեր կենալով և մոտենալով բուխարու մեջ եփվող փոքրիկ կաթսային։

Արտեմ Պետրովիչը նկատեց, որ յուր ներկայությունը այժմ ավելորդ է և, դեռ չհուսահատված յուր անհաջող պատգամավորաթյունից, մտածեց գործը թողնել մի ուրիշ ավելի հարմար ժամանակի։

— Մնաս բարով, Քեթևան,— ասաց նա տեղից վեր կենալով և մի քանի անգամ գլուխը շարժելով։— Ես դարձյալ կգամ քեզ մոտ, դարձյալ կխոսենք այդ մասին...

Քեթևանը ոչինչ չպատասխանեց։

Նրա հեռանալուց հետո նիկոլը հարցրեց․

— Ո՞վ էր այդ մարդը։

— Սատանան ոչ գիտե՜ նրա գլուխը․․․,— պատասխանեց մայրը բարկացած կերպով։

Այն օրից, որ Արտեմ Պետրովիչը հայտնվեցավ այրի Քեթևանի նկուղում, անցել էր ութ ամիս։ Ձյունը խոշոր պատառներով թափվում էր երկնքից և իսկույն հալվում էր։ Եղանակը տխուր էր և անախորժ։ Փողոցներում կուտակված ցեխի պատճառով մարդիկ դժվարությամբ կարողանում էին անցուդարձ անել։

Այդ միջոցին չորս մշակներ դուրս էին տանում մի դագաղ, մի անզարդ, չքավոր դագաղ։ Քահանան լուռ հետևում էր նրան, իսկ պատանի Նիկոլը լաց էր լինում։

Հարևաններից մի քանիսը բաց արին սենյակների լուսամուտները, նայեցին և դարձյալ շուտով կողպեցին, ասելով միմյանց․

— Դա այն խեղճ այրին էր, որ մեռավ ցրտից ու քաղցից...