Էջ:Raffi, Collected works, vol. 2 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/233

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Գ

Միևնույն օրը, երբ դուրս էին տանում դժբախտ Քեթևանի դագաղը, Սոլոլակի եռահարկ տան մեջ խնջույք կար։ Բարեկամները, ազգականները հավաքվել էին ճաշի սեղանի շուրջը, կատարում էին օրիորդ Անիչկայի ծննդյան տոնախմբությունը։

Ճոխ սեղանի վրա՝ արծաթյա անոթները փայլում էին, թանկագին ֆարֆորն ու բյուրեղը ժպտում էին և իրանց գեղեցկությամբ ախորժակ էին հրավիրում։ Փայլում էին ու ժպտում էին հյուրերի դեմքերը, որ բոլորել էին փառավոր սեղանի շուրջը։ Մրգամանների մեջ, որ բարձրանում էին աստիճան առ աստիճան, դրված էին զանազան տեսակ պտուղներ, որ ձմեռը բոլորովին հազվագյուտ էին։ Ծաղկամանները ծանրաբեռնված էին ահագին փունջերով։ Սեղանի մեջտեղում բարձրանում էր, շաքարեղենից շինված, մի ամբողջ աշտարակ, որ Բաբելոնի աշտարակն էր հիշեցնում։ Սպասավորները, սև ֆրակները հագած, սպիտակ ձեռնոցներով, բերում էին ու դուրս էին տանում տանտիրոջ հարուստ խոհանոցի հարուստ պատրաստությունները։ Մի իմերել ծառա, սպիտակ մահուդի չերքեզկան հոգին, երկնագույն ատլասի արխալուղով, բարակ մեջքը սեղմած արծաթյա ոսկեզօծ քամարով, խենչալը կապած, վառոդամանի լայն, ոսկյա ժապավենը ուսովն անցկացրած, և սև մազերը սիրուն ճակատի վրա պսակաձև սանրած, երբեմն հայտնվում էր և դարձյալ դուրս էր դնում, կարծես իրան ցույց տալու համար։ «Փրիդոն» անունը մի առանձին քնքշությամբ հնչվում էր տանտիկնոջ բերանում, երբ ամեն անգամ որևէ պատվերով դիմում էր դեպի այդ ծառան։

Դա Արտեմ Պետրովիչի հասարակության ամենաընտիր արդյունքներից մեկն էր։

Տանտիկինը՝ Մարիա Սերգեևնան, և նրա ամուսինը, Սերգեյ Եգորիչը, գտնվում էին ամենաուրախ և ամենազվարճալի տրամադրության մեջ, աշխատելով նույնպես զվարճացնել թանկագին հյուրերին։ Աշխատում էին սրախոս լինել, աշխատում էին մինչև անգամ պերճախոս լինել, թեև այդ չէր հաջողվում նրանց։ Խոսակցությունը կատարվում էր երկու լեզվով. հները խոսում էին վրացերեն, իսկ նորերը՝ ռուսերեն։ Թե՛ առաջինը և թե երկրորդը ամենքն էլ վատ էին խոսում։ Մանավանդ Մարիա Սերգեևնան սաստիկ կարմրում էր, երբ ռուսերեն խոսելու ժամանակ խոշոր սխալներ էր անում, կամ մի բառ ուրիշ բառի տեղ էր գործածում։ Բայց նրա