Էջ:Raffi, Collected works, vol. 2 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/238

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

սիգարների ամենաընտիր տեսակները։ Ոմանք, խմբիկներ կազմելով, սկսեցին թուղթ խաղալ։ Սերգեյ Եգորիչը, յուր հին սովորությամբ, սկսեց նարդի խաղալ յուր բարեկամներից մեկի հետ։ Մի քանիսը շրջապատեցին նրանց և, զանազան նկատողություններ անելով, նայում էին խաղին։ Ոմանք, այս և այն անկյունում նստած, խոսում էին կապալների կամ այլևայլ առևտրական ձեռնարկությունների մասին։

Դահլիճի մեջ այժմ ուրիշ ձայն չէր լսվում, բացի խաղացող հասարակության հաշիվների շշունջից և սպասավորների զգույշ ոտնաձայնից, որոնք, արծաթյա մատուցարանները ձեռքում, ելումուտ էին անում, բերելով հյուրերի համար սուրճ, շոկոլադ, պաղպաղակ, և ով ինչ ցանկանում էր։

Օրիորդ Անիչկան մնացել էր ոտքի վրա, չգիտեր ինչ անել։ Մայրը խաղում էր։ Նա մոտեցավ այն սեղանին, որի վրա դրված էին գեղեցիկ ընծաները, որ այն օր հյուրերը բերել էին յուր համար։ Մի առանձին բերկրությամբ նայեց նրանց վրա և անցավ դահլիճի մյուս կողմը, սկսեց խաղալ կանաչագույն թութակի հետ, որ դրած էր։ Մի բարձր, կոնաձև վանդակի մեջ։ Այդ միջոցին մոտեցավ պարոն Դաբաղյանը։

—Ա՜խ, ի՛նչ գեղեցիկ թռչուն է, —բացականչեց նա զարմացական ձայնով։ —Խոսալ իմանո՞ւմ է։

—Մի բառ միայն, —պատասխանեց օրիորդը։

—Ապա խոսացրու։

Օրիորդը դարձավ դեպի խելացի թռչունը, ասելով.

—Ну—ка, попка, скажи дур—рак!

Թութակը, ուղիղ պարոն Դաբաղյանի երեսին նայելով, կրկնեց.

—«Дур—рак»!

—Ձեր թութակը խիստ անքաղաքավարի է, օրիորդ, —ասաց երիտասարդը, թաքցնելով յուր վիրավորանքը։ —Բավական անախորժ բառ եք սովորացրել։

—Մենք չենք սովորացրել, նա ինքն է սովորել, —պատասխանեց օրիորդը ծիծաղելով։

—Երևի, այդ բառը ձեր տանը շատ է գործածվում:

—Ինչո՞ւ... պատահում է Պարոն Դաբաղյանը խիստ անել դրության մեջ ընկավ. չգիտեր հեռանալ թե մնալ օրիորդի մոտ։ Նրան ազատեց հյուրերից մեկի ձայնը, որ կոչեց.