Էջ:Raffi, Collected works, vol. 2 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/239

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

—Պարոն բժշկապետ, այստեղ համեցեք։

Պարոն Դաբաղյանը բժշկապետ չէր, հասարակ բժիշկ էր, այնուամենայնիվ, լսելով հաճոյական ձայնը, շտապեց դեպի նա:

—Օրհնած, —ասաց Յակուլ Յակուլիչը, յուր մոտ նստացնելով երիտասարդին, —մի քիչ էլ պառավներին մարդու տեղ դրեցեք, ջահիլները կան ու կան, միշտ ձեզ համար են։

—Իզուր եք այսպես մտածում, Յակուլ Յակուլիչ, —պատասխանեց երիտասարդը, աշխատելով ուրախ ձևանալ։ —Ես, ընդհակառակն, փորձված և աշխարհ տեսած պառավների ամենաջերմ գնահատողներից մեկն եմ։ Ինձ համար թանկագին է նրանց յուրաքանչյուր խոսքը։

—Եթե այդպես է, շատ ապրես, որդի։ Ծերի ցույց տված ճանապարհը ուղիղ դեպի մարդու սրտի ուզածը կտանե, ոչ մի անգամ չի մոլորեցնի։

Յակուլ Յակուլիչը Աղա—Պարոնովների տան ամենամոտ բարեկամներից մեկն էր։ Նա մի սնանկացած վաճառական էր, որ այժմ ապրում էր յուր հին «նիսիաների» կորած փշրանքներով։ Անիչկանը դեռ կանգնած, խաղում էր թութակի հետ։

Նա, պարոն Դաբաղյանի ուշադրությունը դարձնելով օրիորդի վրա, ասաց.

—Տեսնո՞ւմ ես, ի՜նչ շնորհալի աղջիկ է, աստված է վկա սաղ քաղաքումը հատն ու կտորը չկա։ Ուսումով ամենից բարձր է, խելքով ամենից բարձր է, սիրունությունով խո յուր նմանը չունի, կասես, հրեշտակ լինի։ Մի գիտենաս, ի՛նչպես «խազյայկա» է. հիմա որ գնա «կուխնին» , էն բանը կշինե, որ պալատի «պովարն» էլ չի կարող շինել։ Մայրը միշտ ջիգրվում է, ասում է, որդի, կուխնին մի՛ գնա։ Նա ասում է. չէ՛, պիտի գնամ, որ տեսնեմ ի՛նչպես են պատրաստում ամեն բան. ո՞վ է իմանում, աշխարքս փոփոխական է, կարելի է միշտ պովար չունենանք, որ մեզ համար կերակուր պատրաստե։ Լսո՞ւմ ես, որքան խելացի է, նա սև օրվա բանն էլ է մտածում։

Պարոն Դաբաղյանը լսում էր և, միևնույն ժամանակ, մի առանձին տխրությամբ նայում էր Յակուլ Յակուլիչի գովասանած «շնորհալի» օրիորդի վրա, որը մի րոպե առաջ այնպես դառն կերպով վիրավորեց իրան։ Այդ վիրավորանքը նա բոլորովին կատակի տեղ կնդուներ, եթե վերջին ժամանակներում չնկատեր նրա մեջ ոչ միայն խորին սառնասրտություն, այլ խիստ զգալի արհամարհանք դեպի ինքը։ Նա արդեն սկսել էր փոքր առ փոքր հավատալ այն