Էջ:Raffi, Collected works, vol. 2 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/240

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

տարածված լուրին, որ պտտում էր քաղաքում, իբր թե օրիորդը սիրահարված է մի շրջմոլիկ վրացի ափիցերի վրա, որը մի ժամանակ ծառայած է եղել գվարդիայում, իսկ անկարգության պատճառով հրաժարացրել էին։ Այսուամենայնիվ, նա դարձավ դեպի ծերունի խորհրդատուն, ասելով.

-Բոլորը ճշմարիտ է, Յակուլ Յակուլիչ, օրիորդ Անիչկան նրանից էլ շատ ու շատ ավել է, ինչ որ դու պատմում ես։ Բայց ո՞վ է մեղավոր...

-Մեղավորը հերն է, որդի։ Նա եթե ականջ դրած լիներ, հիմա բանը վաղուց վերջացած կլիներ։ Բայց դու էլ, որդի, պետք է քո «թամահը» մի քիչ պակասացնես։ Համ լավ աղջիկ, համ շատ փող, երկուսը միասին չի լինի։ Պետք է էնպես անել, «նա շիշ յանսն, նա քյաբաբ» (ոչ խորովածն այրվի և ոչ շամփուրը)։ Թուրքն անիծած է, բայց խոսքն օրհնած է։ Եթե ինձ ականջ դնելու լինես, ես շուտով կվերջացնեմ, հենց էս շաբթումը կվերջացնեմ։

Մինչ այս անկյունում այս տեսակ խոսակցության մեջ էին, օրիորդ Անիչկան արդեն սկսել էր ձանձրանալ։ Նրան ձանձրացրեց յուր սիրելի թութակը, նրան ձանձրացրին և յուր առիթով հավաքված հյուրերը, թողեց դահլիճը, դուրս եկավ պատշգամբի վրա, մի փոքր զովանալու, մի փոքր ազատ շունչ առնելու։ Գլուխը սաստիկ բորբոքման մեջ էր, մանուկ սիրտը անհանգիստ կերպով բաբախում էր։ Չգիտեր, թե ինչ է կատարվում յուր հետ։ Մոտեցավ և, առանց ուշադրություն դարձնելու, Փարիզից նոր բերել տված թանկագին հագուստով` հենվեցավ պատշգամբի բաց վանդակապատի վրա։ Մի առանձին ինքնամոռացությամբ նայում էր դեպի գեղեցիկ պարտեզը, որ բռնել էր բակի մեծ մասը։ Ձյունը արդեն դադարել էր գալուց, սփռելով պարտեզի նախշուն ածուների վրա յուր թանձր սավանը։ Մշտականաչ թուփերը` սպիտակ թախտի վրա` խիստ հիանալի տեսք էին ստացել։ Վարդենիների թերբաց կոկոնները` մի առանձին տհաճությամբ` ծռվել էին տերևների վրա նստած ձյունի ծանրության ներքո։ Ժրաջան այգեպանը, երկար ավելը ձեռին զգուշությամբ սրբում էր աղյուսի մանրուքով ծածկված ճեմելիքները, որ խոնավությունից ավելի կարմիր գույն էին ստացել։ Այդ բոլորը այնքան գրավիչ էր, այնքան սրտապարար էր, որ օրիորդը մինչև անգամ չմտածեց կրկնակոշիկները հագնել և այնպես յուր նուրբ, թեթև... վազ տվեց, սանդուղքներից ցած իջավ պարտեզը։ Նա մի քանի պտույտ տվեց այն ճեմելիքներով, որ արդեն սրբված էին, հետո ձեռքը տարավ դեպի մի խոշոր կոկոն, կտրեց և սկսեց