Էջ:Raffi, Collected works, vol. 2 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/243

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Յուր խանութի վերաբերությամբ մնացել էր նա նույն հին մարդը, նույն գծուծ «բազազը», յուր վաղեմի ավանդություններով:

Օրը շաբաթ էր։ Օրիորդ Անիչկայի փառավոր տոնախմբության երկրորդ օրը։ Չնայելով, որ Աղա-Պարոնովի ամբողջ ընտանիքը` երեկվա շռայլ խրախճություններից հետո` բոլորովին հոգնած, թմրած և դեռ քնած էին, բայց Սերգեյ Եգորիչը, յուր մշտական սովորության համեմատ, առավոտյան շատ վաղ վեր կացավ և, չկամենալով ծառաներին անգամ անհանգստացնել, ինքը լվացվեցավ, հագնվեցավ և, առանց թեյ խմելու, տանից դուրս եկավ։

Նոր ծագած պայծառ արեգակը խոստանում էր ջերմ օր։ Փողոցները բոլորովին սառած էին, միայն սալահատակների վրա կարելի էր առանց սայթաքելու քայլել: Դուրս գալով տնից, Սերգեյ Եգորիչը, յուր քրքրված մուշտակի մեջ կոլոլված և կանաչագույն (մի ժամանակ սև գույն ուներ) ջարդված ցիլինդրը ականջների վրա քաշած, սկսեց դիմել դեպի Գալավինսկի պրոսպեկտը։ Նա ուղղակի յուր խանութը չգնաց, որովհետև քարվանսարան այդ ժամանակ բացված չէր լինի։ Այլ յուր ամենօրյա սովորության համեմատ, մտածեց` փոքր-ինչ շրջագայել, մինչև քարվանսարան բաց կանեին։ Նա գնում էր և, միևնույն միջոցին, խուզարկուի աչքերով գիտում էր, թե ո՞վ արդյոք խանութը բաց էր արել, և ո՞վ դեռ տանը քնած էր։ Առաջիններին գովում էր, վերջիններին յուր սրտում հայհոյում էր։ Նա գնում էր և, միևնույն միջոցին, բոլորից ողջույններ էր ստանում, և բոլորին ամենայն խոնարհությամբ ողջունում էր: Այդ մասին Սերգեյ Եգորիչը բավականին համեստ էր։

Այսպես անցավ նա ամբողջ Գալավինսկի պրոսպեկտը և կրկին վերադարձավ։ Քամոյենց եկեղեցու մոտ հասնելու միջոցին` ներս մտավ, եկեղեցու դուռը համբուրեց, երեսը մի քանի անգամ խաչակնքեց և լռությամբ մի ինչ-որ աղոթք կարդաց։ Ցրտի պատճառով եկեղեցում ոչ ոք չկար։ Լսելի էր լինում միայն քահանայի և յուր միակ տիրացուի ձայնը։ Իսկ կարճահասակ մղդսին` կծկվել էր մի անկյունում և բուրվառի համար պատրաստած ածուխների վրա տաքացնում էր սառած մատները։ Սերգեյ Եգորիչը այսօր եկեղեցում մնաց մի քանի րոպե միայն և իսկույն դուրս եկավ։ Բայց կիրակի և տոն օրերում, առանց պատարագ տեսնելու, նա հաց չէր ուտի։

Մտնելով քարվանսարան, նա յուր աշակերտների և գործակատարների ստվար խումբը յուր խանութի դռանը պատրաստ գտավ։ Մոտեցավ, ուշադրությամբ նայեց մոմով կնքած ահագին կողպեքին,