Էջ:Raffi, Collected works, vol. 2 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/244

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

յուր ձեռքով լուծեց կնիքը և, ապա գրպանից հանելով բանալին, տվեց գլխավոր գործակատարին, որ դուռը բաց անե: Երբ յուր տաճարի դռները բացվեցան նրա առջև, նա դարձյալ երեսը մի քանի անգամ խաչակնքեց, մի ինչ-որ աղոթք կարդաց և ներս մտավ։

Այդ միջոցին սկսվեցավ գործակատարների և աշկերտների ժրաջան գործունեությունը։ Մեկը հատակը սրսկում էր ջրով, մի ուրիշը ավելում էր, մյուսները տեղափոխում էին վաճառքները։ Իսկ Սերգեյ Եգորիչը, մեջտեղում կանգնած փոշու ամպերի մեջ, յուր ջերմեռանդ աղոթքից հետո, նույն ջերմեռանդությամբ հայհոյում էր, երբ որևէ անուշադրություն էր նկատում։

Վաճառքների խորհրդավոր տեղափոխությունը կատարվում էր համարյա ամեն առավոտ։ Այդ մասին Սերգեյ Եգորիչը նույն նախապաշարմունքն ուներ, ինչ նախապաշարմունք որ ուներ յուր խանութի շեմքի վրա մեխած պայտի մասին։ Վերջինը սրել էր նա, որ հաճախորդներ շատ լինի։ Իսկ վաճառքները տեղափոխում էր, որ շուտ ծախվեն։ Նրա կարծիքով, եթե անշարժության մեջ մնային, երբեք չէին ծախվի։ Նրա սնահավատությունը` մի այլ կողմից` յուր նպատակահարմար նշանակությունն ուներ. վաճառքները, անդադար տեղափոխվելով, գոնե կազատվեին ցեցից, փոշուց և փտությունից։

Երբ ամեն ինչ կարգի դրվեցավ, Սերգեյ Եգորիչը գնաց նստեց դազգահի (ստոյկա) ետևում, իրանից անբաժան երկաթյա դրամարկղի մոտ, որպես մի քուրմ յուր ամբիոնի վրա։ Այդ միջոցին աշկերտներից մեկը վազեց մերձակա դուքանը, որտեղ սովորաբար հավաքվում էին կառապաններն ու թուլուղչիները, և այնտեղից երկու թեյամաններ միմյանց վրա դրած, և մեկը թեյով լցրած, իսկ մյուսը` տաք ջրով, բերեց և մի կտոր շաքարի հետ դրեց դազգահի վրա, յուր պարոնի մոտ։ Նրա հայտնի բաժակը տարիներ ի վեր խանութում միշտ պահվում էր։ Յուր ձեռքով ածեց թեյը, որը պարզ ջրից զանազանվում էր միայն իր բաց-դեղին գույնով և, շաքարի փոքրիկ պատառը ատամներին քսելով, սկսեց մի առանձին ախորժակով խմել։ Տանը աոավոտյան թեյ խմելու սովորություն չուներ նա, որովհետև այնքան վաղ էր վեր կենում, որ ոչ մի ծառա հանձն չէր առնի զրկել իրան քնից և նրա համար թեյ պատրաստել. բացի դրանից, խանութի թեյը, ըստ վաղեմի սովորության, նրան ավելի ախորժելի էր։

Նրա թեյ խմելու միջոցին, թե՛ գործակատարները և թե աշկերտները,