Էջ:Raffi, Collected works, vol. 2 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/245

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

յուրաքանչյուրը յուր հատուկ տեղը բռնած ուներ։ Աշկերտները, որսորդական փոքրիկ շների նման, խանութի դռանը կանգնած, հանգստություն չէին տալիս անցորդներին։ «Այստեղ համեցե՜ք, պարոն, այստեղ համեցե՜ք, տիկին», աղաղակում էին և, ոմանց թևքիցը բռնելով, զոռով ներս էին տանում ու նետում էին գործակատարների ճանկը։ Վերջինները, երդվելով և վաճառքների գերազանցությունը իրանց հատուկ լեզվով գովաբանելով, առաջ էին տանում իրանց գործը։

Օրը շաբաթ լինելով, «ղըստի» օր էր։ Երկու դասակարգ սովորություն ունեին շաբաթ օրը իրանց ապառիկները հավաքելու վաճառականները և մուրացկանները։ Վերջինները խմբերով անցնում էին խանութների առջևից, և խղճալի ձայներով ողորմություն էին խնդրում։ Սերգեյ Եգորիչը գթասիրտ մարդ էր։ Նա ըստ յուր հին սովորության, մի ռուբլի (և ոչ ավելի) կանխապես մանրել էր ավել և հարյուր հատ կոպեկանոցներ դարձնելով, դիզել էր յուր մոտ, դազգահի վրա։ Եվ ամեն անգամ, մի աղքատ անցնելիս, նա իր ձեռքով վեր էր առնում մի հատ կոպեկ, տալիս էր աշկերտին, որ հասցնե ըստ պատկանելույն։ Այսպես, յուրաքանչյուր շաբաթ, հարյուր կոպեկներով թեթևացնում էր նա հարյուր թշվառների կարիքները։

Բայց պետք էր մտածել և յուր կարիքների մասին. «ղըստի» օր էր. ապառիկներ հավաքելու օր էր։

Նա նստած էր դրամարկղի մոտ և, յուր ամբողջ հոգով խորասուզվելով դավթարների մեջ, ուշադրությամբ նայում էր, թե ո՛վ ո՛րքան էր պարտական, և ումից ո՛րքան պետք էր ստանալ։ (Նա հաշվապահի չէր հավատում, բոլոր հաշիվները ինքն էր պահում)։ Նրա քրքրված, յուղոտված ջհուդի դավթարների մեջ, բացի Սերգեյ Եգորիչից, եթե ինքը` ամենագետ սատանան, ևս ընկնելու լիներ, անպատճառ գլուխը կկոտրեր։ Ոչինչ կարգ, ոչինչ կանոն չկար, բացի հաշիվների խառնափնթորությունից։ (Խոսքը մեր մեջ մնա, նոր ձևով հաշվապահությունը բոլորովին անտանելի էր նրա համար։ «Եթե հարկավոր լինի մի բան փոխեք, մի բան դրստել, կամ մի թուղթ դուրս գջլել, այն ժամանակ ի՞նչ կանես», -մտածում էր նա։ Նրա դավթարները մինչև անգամ երեսների թվահամարներ չունեին)։ Գրում էր նա վրաց խոշոր տառերով և վրաց լեզվով։ Բայց երբեք վրաց լեզվով փող չէր համբարում, մտածելով, որ «բարաքաթ» չի ունենա, որովհետև վրացիք վատնող էին։ Համբարում էր միայն հայերեն և միշտ 13 թվին հասնելու ժամանակ երեսին խաչականքում