Էջ:Raffi, Collected works, vol. 2 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/248

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

դրեց նրա մոտ և ինքը հեռացավ։ Նա սկսեց ուտել։ Ուտում էր և, միևնույն ժամանակ, գրպանի թաշկինակով երբեմն բերանն էր սրբում, երբեմն քիթը և երբեմն աչքերը։ Սխալմամբ ձկան հետ այնքան մանանեխ խառնեց, որ սաստիկ կծու դարձավ, բայց դարձյալ ուտում էր և աչքերի արտասուքը սրբում էր։ Ուտում էր, որովհետև փող էր տված։

Երբ ճաշը վերջացավ, աշկերտը դարձյալ ներս մտավ, հավաքեց լիզած դանակները և մի կողմ դրեց, ձեռքով սրբելով սեղանի երեսը և ոսկորները թափելով հատակի վրա, որ հետո ավելե։ Այնուհետև սկսեց հարդարել յուր պարոնի անկողինը։ Նույն տախտակի վրա, ուր նստում էր նա, տարածեց մի թոփ մահուդ, մի թոփ էլ բարձի փոխարեն դրեց գլխի տակին, և Սերգեյ Եգորիչը ձգվեցավ։ Հետո խանութում վաճառվող բրդեղեն գործվածքներից մեկը իբրև վերմակ քաշեց նրա վրա և, լամպան հանգցնելով, դուրս գնաց։ Սերգեյ Եգորիչը, որպես մի դատապարտյալ, սկսեց խռմփալ յուր խոնավ ու մթին նկուղի մեջ։ Իսկ տանը, ի ցույց մարդկանց, դրված էին կարմիր ատլասով պատած դիվաններ և փափուկ մահճակալներ, մետաքսյա շքեղ վերմակներով...

Շաբաթ օրվա զբաղմունքները թույլ չտվին նրան երկար հանգստանալ։ Աչքերը կարմրած, գլուխը բաց, կոճակները արձակ, միայն ներքին հագուստով, դուրս եկավ յուր որջից, և բազմության առջև, պպզեց խանութի դռան մոտ, սալահատակի վրա։ Այդ միջոցին աշկերտներից մեկը սկսեց ջուր ածել նրա ձեռքերի վրա լվացվելու։ (Ջուր ածելու ամանը անպատճառ պետք է խեցեղեն լիներ — «խելադա», — նրանով համ երեսն էր լվանում, համ ծարաված ժամանակ ջուր էր խմում։)

Լվացվելուց հետո հագնվեցավ, դարձյալ նստեց դազգահի ետևում, դրամարկղի մոտ, որ նրա սրբություն սրբությանցն էր ներկայացնում։ Եվ իրավ, Սերգեյ Եգորիչը, իբրև հին վաճառական, դեռ պահպանել էր վաղեմի սովորությունը՝ կրոնական արարողությունը խառնել խաբեության գործի հետ և յուր խանութին մի սրբարանի ձև տալ։ Շաբաթ օրվա պատճառով, երեկոյան նրա խանութը ծխում էր խունկի և կնտրուկի հոտով։ Մի անկյունում քաշ արած աստվածածնի պատկերը, որի փոքրիկ երեսը հազիվ երևում էր ոսկեզօծ-շրջանակի միջից, լուսավորված էր մի զույգ ճերմակ մոմով։

Գիշերը՝ նրա խանութը միակն էր, որ բոլորից ուշ փակվեցավ։ Սերգեյ Եգորիչը յուր ձեռքով կողպեց, կնքեց, բանալին դրեց գրպանը և այնտեղից ուղիղ գնաց կլուբը։