Էջ:Raffi, Collected works, vol. 2 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/249

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Ե

Աղա-Պարոնովի ընդարձակ խանութին կից էր մի փոքրիկ կրպակ, որ յուր վրա էր դարձրել ամբողջ քարվանսարայի ուշադրությունը։ Մինչդեռ բոլոր խանութներում կպցրած էին զանազան իմաստներով հայտագրեր «Без Запроса», «Без торгу», «B кредит некому», հիսուն կոպեկ արժեք ունեցող առարկան մի ռուբլի գնահատելու, վերջը, երկար բազար անելուց հետո, պակասացնում էին,— ընդհակառակն, հիշյալ կրպակը, ներկայացնում էր մի տարօրինակ երևույթ։ Առաջին անգամ, երբ բացվեցավ նա, նրա ճակատին խոշոր սև տառերով կարդացվեցավ մի այսպիսի հայտագիր. «Без обмана» (առանց խաբեության)։ Մինչև այնօր օրինակը չտեսնված հայտագրի բովանդակությունը գրգռեց մյուս վաճառականների, մանավանդ Աղա-Պարոնովի, բարկությունը, իսկ հաճախորդների՝ հետաքրքրությունը։ Ամեն ոք ցանկանում էր այնտեղ մտնել, գոնե փորձելու համար, արդյոք կարո՞ղ է լինել մի վաճառական, որ չխաբեր։ Դա, իհարկե, մի ծաղր էր կրպակատիրոջ կողմից. և նա շուտով վեր առեց յուր չարագուշակ հայտագիրը։

Նրան կոչում էին Ռուբեն Արուսյան, մի նրբակազմ երիտասարդ, թեթև սև մորուքով և նույնպես սև, գանգուր մազերով։ Բոլորովին նիհար և գունաթափ դեմքր յուր խոշոր, մելամաղձոտ աչքերով մի առանձին մշտահոգ արտահայտություն էին տալիս նրա թափանցող հայացքին։ Յուր խանութում ավելի ուրիշ գործերով էր զբաղված նա, քան թե առևտրով։ Խանութը փոքր էր, և վաճառքների քանակությունը սակավ, միայն բազմատեսակ։ Առևտուրը անում էին երկու գործակատարները։ Մինչդեռ մյուս վաճառականների աշկերտները, խանութների դռանը կանգնած, անցորդներին հանգստություն չէին տալիս և ուժով ներս էին քաշում, այստեղ, ընդհակառակն, ամեն ոք յուր տեղում նստած, այն ժամանակ միայն վեր էին կենում, երբ գնողը ներս էր մտնում։ Երդում կամ գովասանքներ չկային։ երբեմն մեծ դժվարությամբ արտասանվում էին այդ խոսքերը միայն, «եթե տանեք, պարոն, գոհ կմնաք»։

Պարոն Արուսյանը բնիկ թիֆլիսեցի չէր։ Բոլորովին աղքատ ծնողների զավակ, պատանեկության հասակում եկավ նա գավառական մի փոքրիկ քաղաքից որևէ պարապմունք գտնելու։ Յուր ծանոթներից մեկի միջնորդությամբ մտավ մի եվրոպացի վաճառականի մոտ, ուր սովորեց ֆրանսերեն և բավական վարժվեցավ առևտրական ձեռնարկությունների մեջ։ Հետո նույն վաճառականի