Էջ:Raffi, Collected works, vol. 2 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/250

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

գործերով քանիցս անգամ ուղևորվեցավ դեպի արտասահման, տեսավ Փարիզը, Մարսելը, եղավ Լոնդոնում, Մանչեստրում և ծանոթացավ զանազան եվրոպական առևտրական քաղաքների հետ։

Նա ոչ մի դպրոցում կանոնավոր ուսում չէր ստացել։ Բայց ինքնակրթությամբ այն աստիճան զարգացած էր, որ մի քանի լեզուներով ոչ միայն վարժ խոսում էր, այլև գրում էր ու կարդում էր։ Ֆրանսիացու գործերի մեջ մի չափավոր դրամագլուխ ձեռք բերելով, սկսեց յուր համար անկախ վաճառականություն անել։

Նրա փոքրիկ խանութը կից էր Աղա-Պարոնովի բազմահարուստ խանութին, որ բաղկացած էր մի քանի բաժանմունքներից, և յուրաքանչյուրը լի էր զանազան տեսակ վաճառքներով։ Շատ հասկանալի է, որ պարոն Արուսյանը յուր նվազ միջոցներով չէր կարող զգալի մրցություն անել Աղա-Պարոնովի հետ, բայց, այնուամենայնիվ, երիտասարդ վաճառականի դրացիությունը բոլորովին անտանելի էր դարձել մեր Կրեսոսին։ նա մի քանի անգամ ակնարկել էր քարվանսարայի տիրոջը, որ, կամ միանգամայն արտաքսե նրան, կամ հեռացնե, և յուր շենքի մի այլ կողմում խանութ տա։ Բայց շենքի տերը միշտ միևնույն զգուշավոր պատասխանն էր տալիս, թե «չարժե նրա հետ ընկնել, կլյաուզնի մարդ է, կգնա կազեթներում, ով գիտե, ի՛նչ կգրե»... Կազեթից երկուսն էլ վախենում էին։

Պարոն Արուսյանը, իրավ է, ծանոթ էր հայոց թերթերի խմբագիրների հետ և երբեմն վաճառականների կյանքից հոդվածներ կամ փոքրիկ պատկերներ էր տալիս, բայց նա ամենևին «կլյաուզնի» մարդ չէր, այլ ընդհակառակն, շատ ազնիվ երիտասարդ էր։ Բայց ի՞նչ արած, որ Աղա-Պարոնովի աչքի փուշն էր դարձել։ Նրա դրացությունը վնասակար էր համարում Աղա-Պարոնովը մի քանի պատճառներով. նախ` մտածում էր, որ յուր աշկերտներն ու գործակատարները լրբանում են, երես են առնում, երբ տեսնում են, որ նա յուր գործակատարների հետ խիստ քաղաքավարի կերպով է վարվում, իսկ ինքը չէ կարողանում ոչ ծեծել և ոչ հայհոյել իրաններին։ Բացի դրանից, նրա խանութի կարգերը, սովորություններն անգամ, բարկացնում էին նրան, որովհետև Աղա-Պարոնովի կարծիքով, «դուզ խոսքի ոտը կոտրած է լինում, շատ առաջ չէ գնում», իսկ առանց ստախոսության, առանց երդման, անկարելի է առևտուր անել։

Մի քանի անգամ, սաստիկ զայրանալով և գլխին տալով խլեց նա «Մշակ» թերթը յուր աշկերտներից մեկի ձեռքից, որ պարոն