Էջ:Raffi, Collected works, vol. 2 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/252

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

փոխարինելու համար՝ քաղաքային խորհրդի իրավասուներ ընտրելու ժամանակ՝ իրանց բոլոր քվեները նրան էին նվիրում, և Աղա-Պարոնովը ամեն անգամ ընտրվում էր մի քանի հարյուր սպիտակ քվեով։

Նա միշտ մտնում էր քաղաքային վարչության խորհրդի մեջ իրավասու ձայնավոր, բայց ուժեղ ձայնավոր։ Թեև խոսելու շնորհք չուներ, ճառեր չէր կարդում, բայց երբ պետք էր այս կամ այն հարցի մասին ի նպաստ կամ աննպաստ ձայն տալ, նրա հետ աթոռներից բարձրանում էին ուրիշ շատ իրավասուներ, որ նրան էին սպասում, և իսկույն ձայնակից էին լինում։ Դրանք այն վաճառականներն էին, որոնց համար միշտ բաց էր Աղա-Պարոնովի սնդուկը, երբ փողի կարոտություն ունեին։

Ամեն տեղ ընտրվում էր նա։ Մի քանի որբերի (բայց անպատճառ մեծ ժառանգություն ստացած որբերի) խնամատար էր։ Մի քանի հարուստ կտակների կտակակատար էր։ Չէր մերժում, երբ զանազան առևտրական ծանր վեճերի մեջ միջնորդ-դատավոր էին ընտրում իրան։ Մնում էր, որ Ներսիսյան դպրոցի հոգաբարձու ընտրվեր, կամ մի որևէ եկեղեցու գանձապետ-երեսփոխան և կամ Թիֆլիսի բարեգործական ընկերության խորհրդի անդամ, որ յուր փառքի զենիթին հասած լիներ։ Դա շատ հեշտ էր, եթե ցանկանար միայն, բայց նա իրան միշտ հեռու էր պահում ազգային գործերից։

Թատրոն չէր սիրում, երաժշտություն կամ նվագահանդեսներ ատում էր, իսկ կլուբ հաճախում էր համարյա ամեն գիշեր։ Երբ հայտնվում էր կլուբում ո՞վ ասեք, որ այնտեղից չէր բարձրանում և, մոտենալով, չէր սեղմում նրա ձեռքը, այն ձեռքը, որ հարյուրավորների տունն էր քանդել, որ հարյուրավոր ընտանիքներ թշվառացրել էր։ Այնտեղ փայլում էր նա յուր ոսկու բոլոր պայծառությամբ։ Ամեն ոք իրան երջանիկ էր համարում, երբ Աղա-Պարոնովը մերձենում էր նրա սեղանին, ամենուրեք պատրաստ էին նրա համար հաճոյական քաղցր խոսքեր։ Բայց նա այդ մասին բավական համեստ էր, իսկույն կքաշվեր մի անկյունում և յուր նմանների հետ հերթը մի կոպեկով նարդի կխաղար։

Կլուբից վերադառնում էր տուն այնքան ուշ, որ ամբողջ ընտանիքը քնած էր լինում, իսկ առավոտյան տնից դուրս էր դալիս և խանութը դնում այնքան վաղ, որ նրանց դարձյալ քնած էր թողնում։ Այդ էր պատճառը, որ նա յուր կնոջ և զավակների հետ խիստ հազիվ անգամ էր հանդիպում, և խիստ վատ հետևանքներ ուներ նրա ընտանեկան կյանքի վրա։